Միլիոնների պարտքեր նախկին զինվորականներին. շուրջ 100 դատական գործեր ընդդեմ ՊՆ-ի

28 տարի բանակում ծառայած փոխգնդապետը դատի է տվել Պաշտպանության նախարարությանը: Նորայր Հարությունյանը ռազմական գերատեսչությունից պահանջում է շուրջ 7 միլիոն դրամ՝ ծառայության ընթացքում շաբաթ օրերին աշխատելու դիմաց: Պնդում է՝ չի վճարվել:

«Երեկ փաստաբանս հաշվեց, չվճարված արձակուրդի օրեր էլ կան։ Այսինքն, նույն քանակը հաշվվել է, բայց թերի», նշել է Հարությունյանը։

Արդեն երեք տարի ծառայությունը թողած զինվորականն ասում է՝ արձակուրդների թերի վարձատրությունն էլ փաստաբանն է պարզել:

«Ծրագիր եմ ունեցել, ծրագրով դասացուցակ եմ գրել, դասացուցակի համաձայն դաս եմ արել, ես որ շաբաթ օրերը չգնայի, շաբաթ օրվա դասերն ո՞վ աներ», նկատում է նա։

28 տարի բանակում ծառայած փոխգնդապետ Նորայր Հարությունյանը դատի է տվել ՊՆ-ին

48-ամյա փոխգնդապետը պատմեց՝ ինքն անձամբ չի էլ կասկածել, որ թերի է վարձատրվում, զորացրվելուց հետո վերջնահաշվարկ են արել, և միայն հետո է տեղեկացել խնդրի մասին: Ընդ որում, նա միայնակ չէ. դատարաններն այժմ քննում են շուրջ 100 զորացրված զինվորականների նմանատիպ հայցերը:

«Մենք ենք ընտրել էդ մասնագիտությունը, մենք ենք գնացել ծառայել, բան չունեմ ասելու, բայց, ճիշտ է, պիտի վարձատրվեինք ավելի, պայմանական, պիտի վարձատրվեինք ավելի, չենք վարձատրվել։ Որոշակի մարդիկ, որոնք էլ իրենց գործառույթներն էին, իրենք էլ դրա համար էին աշխատավարձ ստանում, պետք է հաշվարկեին ու ներկայացնեին»։

Հարությունյանի կարծիքով՝ սխալ հաշվարկները միտումնավոր չեն արվել, և խնդիրը պարզապես միջին օղակների թերացումն է:

Տասնյակ նախկին զինվորականների շահերը ներկայացնող փաստաբան Լևոն Օհանյանի խոսքով՝ խնդիրը դեռ 2000-ականներից է գալիս.

«Այդտեղ նաև գուցե փոխհարաբերություններն են եղել, որ թույլ չեն տվել էդ հարցը բարձրաձայնել ծառայության ժամանակ: Նրբություններ են, որոնք ելնում են մեր հայկական իրականությունից»։

Խնդիրները մի քանի տարվա պատմություն ունեն, նկատում է փաստաբանը, և վեր են հանվել արդեն վերջնահաշվարկ ստացած զինվորականների գործերն ուսումնասիրելուց հետո: Նրանք էլ, ծառայելով, չեն էլ իմացել, որ ենթակա են ավելի շատ վարձատրման:

«Բայց հետո, և ընթացքում, արդեն մի քանի տարի անց՝ դա պարզվել է, դա բացահայտվել է, այսպես ասած, որ ենթակա են վճարման», ասում է նա։

Ինչո՞ւ են գործերը հասել դատարան, ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը տարիներով սխալ հաշվարկներով թոշակի ուղարկել հայրենիքին ծառայած մարդկանց:

«Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն, պատասխան դեռ չունենք:

Փաստաբան Լևոն Օհանյանի խոսքով՝ խնդիրը կարգավորելու համար պաշտպանության նախարարը 2023 թվականին հրաման է ստորագրել՝ նախկին զինվորականների պարտքը վերադարձնելու մեխանիզմ մշակելու համար:

Հրամանը կա, բայց կյանքի չի կոչվում, ընդգծում է փաստաբանը.

«Հենց պաշտպանության նախարարի կողմից սահմանված և ընդունված հրամանով, բայց որը ևս չի կատարվում, և ասեմ ձեզ ավելին, դատարանն ինքը հենց առաջին իսկ սկզբի գործերի ժամանակ, դատարաններում միշտ էլ զարմանք էր արտահայտվում, որ եթե կա հրաման, ինչո՞ւ եք ապա եկել դատարան»։

Փաստաբան Լևոն Օհանյանը

Փաստաբանի պնդմամբ՝ ռազմական գերատեսչությունը, որն ընդունել է տարիների իր սխալը, պարտքերը չվերադարձնելը պայմանավորում է ֆինանսական խնդիրներով:

Թե որքան գումար է պետությունը պարտք նախկին զինվորականներին ընդհանուր առմամբ, Դատալեքս տեղեկատվական համակարգում հնարավոր չէ պարզել: Չնայած գործերը կան, բայց մանրամասն տվյալներ դեռ հրապարակված չեն:

Փաստաբան Լևոն Օհանյանի գրասենյակում արդեն մի քանի հաղթանակ ունեն՝ դատարանները հօգուտ նախկին զինվորականների վճիռներ են կայացրել: