Միխայելովկա գյուղում հողակտորի շուրջ վեճը քաղաքական կռվի է վերածվել

Հողակտորի շուրջ վեճը քաղաքական կռվի է վերածվել Լոռու մարզի Միխայելովկա գյուղի երկու հարևանների միջև: Արդյունքում՝ գյուղացիներից մեկը կալանավորված է, նրա կինը՝ հեռանալու արգելքի տակ, տուժող ճանաչված նրանց հարևանն էլ պնդում է՝ գնալու է մինչև վերջ իրեն «նիկոլական կռիս» անվանած հարևանին արդարադատության առաջ կանգնեցնելու համար:

«Ինքը, իր ամուսինը, ես սենց փետերով բարձրանում եմ տուն, այ սենց աստիճաններով, իրա ամուսինը խմած վիճակում, Վրեժ Կիրակոսյանը, իմ դարպասս բացում ա, մոտիկանում ա ինձ, ես փայտերս դնում եմ բալկոնում, իրա դեմն եմ գալիս աստիճաններով, ինքը ասում ա՝ «այ նիկոլական կռիս»: Շուռ եկա ասի՝ «էդ իմ հետ ե՞ս», ասեց՝ «հա», ասեց՝ «լսի, հենց հիմա գնում ես մեր ձևով», թե սենց մի բան ասեց, ասի՝ «լսի, ես խի՞ պիտի ... գնամ ձեր ձևով», դուք իմ հողերս վեկալես, ես ձեր ձևով պիտի՞ գնամ: Բա՝ «այ դեբիլ, չէ, գնում ես Կալինինո, գնում ես պասպորտով էնտեղ գրանցվում ես»: Ասի՝ «Վրեժ, դու ինձ չպիտի ասես՝ ես ում գնամ ընտրեմ», - «Ազատությանը» պատմեց Անահիտ Հակոբյանը:

Սուտ է, զրպարտում են, պնդում է կալանավորված Վրեժ Կիրակոսյանի կինը՝ Վալյա Դալլաքյանը. - «Սուտ մատնություն ա, շինծու մեղադրանք ա»:

«Ոչ ես, ոչ իմ ամուսինը, ոչ էլ իմ ընտանիքի որևէ անձ Անահիտ Հակոբյանի բնակարան չի այցելել: Մենք որևէ կուսակցությանը չենք պատկանում՝ ո՛չ ես, ո՛չ իմ ամուսինս: Էս ամեն ինչը սուտ մատնություն ա, ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, կհերքվի», - վստահեցրեց Դալլաքյանը:

Երեկ Քննչական կոմիտեն էր հայտարարել՝ Տաշիրի Միխայելովկա գյուղում ամուսինները «բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել են անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը»:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից Վ.Կ.-ն և նրա կինը՝ Վ.Դ.-ն, ժամանելով Ա.Հ.-ի բնակարան, նրա ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական և միասնական դիտավորությամբ, հիշյալ տան բակում՝ աստիճանների վրա առաջացած խոսակցության ժամանակ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը վնասելու, ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելով, հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող «Մեր ձևով» կուսակցության գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ հունիսի 7-ի ընտրություններին ընտրել իրենց թեկնածուին, հակառակ պարագայում սպառնացել են պայթեցնել նրա բնակարանն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար», - ասված է հաղորդագրությունում:

Մինչ Քննչականը շեշտում է ընտրական իրավունքի խախտումն ու առաջիկա ընտրություններում քաղաքական հայտ ներկայացրած գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցների ենթադրյալ ճնշումները, տուժող Անահիտ Հակոբյանի պատմության առանցքում 4 հեկտար հողի սեփականության հարցն է, որի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք չկա։ Անցած տարվա ամռանը Ռուսաստանից վերադարձած կինը պնդում է՝ գյուղապետարանի աշխատակից Վալյա Դալլաքյանի ընտանիքը տիրացել է իրենց հողին և հրաժարվում է վերադարձնել փաստաթղթերը։

«Ես պահանջում եմ, որ իրանք իմ դակումենտներս տան, որ իրանք չշահագործեն պաշտոնները՝ գազի պաշտոնը, հասկանո՞ւմ եք, գյուղապետարանի պաշտոնը ... Ինքը ո՞վ ա, ինքը ասում ա՝ «ես էս գեղի տերն եմ», ինքը երբվա՞նից ա էդ գեղի տեր դառել», - ասաց Հակոբյանը:

Տուժողի խոսքով՝ ամիսներ տևած հողային վեճը քաղաքական երանգ է ստացել, երբ հակառակ կողմի՝ «Գազպրոմ»-ում աշխատող ամուսինը սպառնացել է պայթեցնել իր տունը գազի արտահոսքի միջոցով. - «Ինքը էկել ա ասում ա՝ «տեսնում ե՞ս էդ սչյոտչիկը, տենց կանեմ՝ օդ կտրաքացնեմ քեզ, այ նիկոլական կռիս», - ասում ա»:

Ուշագրավ է ժամանակագրական անհամապատասխանությունը. Քննչականը դեպքը թվագրում է մարտի 9-ով, մինչդեռ Անահիտ Հակոբյանը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերին. -«Դեկտեմբերի 9-ի էլ ինքը գալիս ա ինձի սպառնում ա իմ հայաթի մեջ՝ իրա ամուսինը»:

Իրավապահները շեշտել են այս գործով կալանավորված Վրեժ Կիրակոսյանի՝ «Գազպրոմ»-ի աշխատակից լինելը, մինչդեռ շրջանցել են կնոջ աշխատանքը գյուղապետարանում։

Դեռ մեկ տարի առաջ «Գազպրոմ»-ի նույն տեղամասի ղեկավարության նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ բնակիչներին հարկադրաբար, նյութապես շահագրգռելով գործարար Սամվել Կարապետյանի աջակցության հավաքներին տանելու մեղադրանքով։

Տեղամասի ղեկավարներն այսօր հրաժարվեցին հարցազրույցից՝ քրեական հետապնդումները համարելով շինծու և քաղաքական։

Տաշիրում ընտրական գործընթացները տարիներ շարունակ պահպանել են նույն պատկերը՝ մշտապես հաղթանակ են տարել այն ուժերը, որոնց սատարել է Սամվել Կարապետյանը: Միլիարդատեր գործարարը ծնունդով տաշիրցի է:

Տեղի բնակիչներն այսօր խուսափում են հրապարակային խոսել ընտրական թեմայից. նրանց դիրքորոշումները հիմնականում հնչում են տեսախցիկից դուրս։

Ինչպես կհանգուցալուծվի ընտրական հանցագործության հոդվածով հարուցված քրեական գործը, դեռ պարզ չէ, բայց տուժող ճանաչված Անահիտ Հակոբյանը շեշտում է՝ ինքը քաղաքական կողմնորոշում չունի և հայրենիք է վերադարձել բացառապես մորը խնամելու նպատակով։ Երկրի ղեկավարի մասին ունի ընդամենը մեկ հստակ դիրքորոշում․ - «Ով էլ ընտրվի՝ իրանք մեր թագավորներն են»։