Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. Գառնիկ Դանիելյան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի, բանտերում այս տարվա ընթացքում մահվան դեպքերի վերաբերյալ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկումից հետո հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Թե առողջական ինչ խնդիր ունի իշխաթյան զավթման կոչի հոդվածով բանտարկված սրբազանը, պատգամավորը չմանրամասնեց, բայց պնդեց՝ հարցին պետք է արագ լուծում տրվի:

«Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռվի իր բժշկի հսկողությամբ և իր բժշկի անմիջական մասնակցությամբ կատարվի....ցավով ուզում եմ ասել, որ այս տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պետք է անենք, որ այդ 23-ը չդառնա 24, ցավով ուզում եմ ասել, որ կարող է այդ 24-րդը Աստված մի արասցե նաև լինի սրբազան հայրը»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

2025-ին քրեակատարողական հիմնարկներում մահվան 23 դեպք է գրանցվել

Այս վիճակագրությունից մտահոգված ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնած այսօրվա քննարկմանը ներկա Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պնդեց՝ ոչ մի խոչընդոտ չկա, որ Միքայել սրբազանը պատշաճ բուժօգնություն ստանա, այժմ ասաց՝ սպասում են Միքայել Աջապահյանի փաստաբանների դիմումին, որպեսզի համապատասխան գերատեսչությունները կոնկրետ քայլերի դիմեն: Նախարարի խոսքով. «Այն դիմումը, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել: Ես հանձնարարել եմ, որպեսզի, եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմում, մեր իրավաբանը տեղում կմոտենա իրեն, դիմումը կվերցնի և կներկայացնի ՊՈԱԿ-ին»:

Նախարարը նաև պնդեց, թե Միքայել սրբազանի մոտ չկան առողջական ծայրահեղ խնդիրներ: Բայց ասաց՝ անհրաժեշտ դիմումը ստանալուց հետո՝ նրան հնարավորություն կտրվի ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանին, սակայն, Արդարադատության նախարարի հայտարարությունները զարմացրին, հակադարձեց՝ իրենք դիմել և մերժում են ստացել:

«Պաշտպանական խումբը դիմել է համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար: Մերժում են ստացել հենց «Իզմիրլյան» ԲԿ հաստատության պատճառով: Իրենք մերժել են, որ չի կարող բժշկական հետազոտություններն իրականացվեն «Իզմիրլյան» ԲԿ-ում: Դրանից հետո ասել, որ դիմումները պատշաճ չեն, այն պարագայում, երբ հարցը կալանավորի առողջությանն է վերաբերվում, ուղղակի անհեթեթ է», - ասաց փաստաբանը:

Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի տնօրեն Կամո Մանուկյանը ևս հաստատեց՝ սրբազանի փաստաբաներից դիմում ստացել են, պատասխանել, բայցև շեշտեց՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալու վերաբերյալ փաստաբանի մեկնաբանությունը ճիշտ չէ: Իսկ թե ինչ են պատասխանել, Մանուկյանը չմանրամասնեց:

«Երբ գրում ես՝ թույլատրել կալանավորին բժշկական հետազոտությունն անցնել այս ինչ հիվանդությամբ այս ինչ բժշկական հաստատությունում, ու իրենք մերժում են այդ հաստատության հիմքով, որ ընտրեք այլ բուժհաստատություն կամ օգտվեք այլ բժիշկների ծառայություննից: Իրենք են հենց սահմանափակում, պետությունն է սահմանափակում ու ոտնձգում մարդու կյանքի ու առողջության խնդիրներին», - մանրամասնելով դիմումի բովանդակությունը Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանը նաև տեղեկացրեց՝ տևական ժամանակ է՝ իրենք փորձում են հասնել նրան, որ սրբազանը բուժմում ստանա «Իզմիրլյան» կենտրոնում, սակայն ապարդյուն: Փաստաբանը շեշտեց՝ սրբազանին վիրահատելու կարիք կա, բայց որքանով է հրատապ, բժիշկը պետք է գնահատի: Երկամյա ազատազրկման դատապարտված բարձրաստիճան հոգևորականին այցելած Մարդու իրավուքների պաշտպանն էլ այսօր հստակ ոչինչ չասաց, բայց վստահեցրեց. «հրապարակային կներակայացնեն, մեթոդաբանությունը, թե ինչպես են հասցեավորելու եղած հարցերը»: