Միջուկային զենքի սահմանափակման ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է լինելու հետո

«Խաղաղապահ» հրթիռային համակարգից վերադարձվող մարտագլխիկները շարժվում են դեպի Մարշալյան կղզիների մոտ գտնվող կեղծ թիրախներ, լուսանկարը՝ Ջեյմս Պաքուինի

Փետրվարի 5-ին կլրանա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից կնքված՝ միջուկային մարտագլխիկների քանակը սահմանափակող պայմանագրի ժամկետը։ Եթե կողմերը չերկարացնեն այն, առաջին անգամ ավելի քան 50 տարում Մոսկվայի և Վաշինգտոնի ձեռքերը կազատվեն միջուկային ոլորտում։

Մոսկվան «կասեցրեց» New START կոչվող պայմանագիրը 2023 թվականին՝ ի պատասխան Ուկրաինային տրամադրված ամերիկյան աջակցության։ Վաշինգտոնը նույն կերպ արձագանքեց՝ փաստացի սառեցնելով պայմանագիրը, որը, սակայն, պաշտոնապես ուժի մեջ մնաց։

Անցած սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց ևս մեկ տարով պահպանել պայմանագրի հիմնական պայմանները, այդ թվում՝ յուրաքանչյուր երկրի հարված հասցնելու պատրաստ միջուկային մարտագլխիկների քանակը 1550-ով սահմանափակելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական արձագանքեց Կրեմլի առաջարկին, սակայն կողմերը դեռ այն պաշտոնական հենքի վրա չեն դրել։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել միջուկային պայմանագրի կարգավիճակը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցումները վերահասցեագրելով Սպիտակ տուն։

ՄԱԿ-ի զինաթափման խնդիրների հետազոտման ինստիտուտի (UNIDIR) ավագ գիտաշխատող Պավել Պոդվիգը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ որևէ նշույլ չկա, թե պայմանագրի հիմնական դրույթների ժամկետը վերջին պահին կերկարացվի։ Փորձագետը նշել է, որ իր կարծիքով՝ միջուկային զենքի որոշակի ավելացումն, ամենայն հավանականությամբ, անխուսափելի է։

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի՝ տեղակայվող մարտագլխիկների քանակն ավելացնելու համար»,- ասել է Պոդվիգը՝ հավելելով, որ նման քայլը, առնվազն կարճաժամկետ հեռանկարում, կարող է պարզապես ենթադրել լրացուցիչ մարտագլխիկների, օրինակ՝ Minuteman III-ի տեղադրում առկա զենքերում:

Աշխատողը ստուգում է Minuteman III հրթիռը Հյուսիսային Դակոտայի սիլոսում, 1989 թ․

Միացյալ Նահանգները ներկայումս ունի 400 Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, որոնք տեղակայված են երկրի հյուսիսային Մեծ հարթավայրերում և պատրաստ են արձակման: Յուրաքանչյուր հրթիռ կարող է կրել երեք միջուկային մարտագլխիկ, բայց կրում է մեկը՝ համաձայն ռուս-ամերիկյան New START պայմանագրի սահմանափակումների։

Հետևաբար, Միացյալ Նահանգների համար կարող է համեմատաբար հեշտ լինել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման պատրաստ մարտագլխիկների եռապատկումը։ «Ենթադրում եմ, որ դա կարվի համեմատաբար արագ», - ասել է Պոդվիգը։

Եթե չեղարկվեն New START պայմանագրի սահմանափակումները, Ռուսաստանը նույնպես կարող է լրացուցիչ մարտագլխիկներ տեղադրել առկա զենքերում՝ իր հարվածի պատրաստ զինանոցը մեծացնելով մոտ 60 տոկոսով։

Տեխնիկական աշխատողները տեղադրում են վերադարձող մարտագլխիկները Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում, Մոնտանա, 1985թ․

Միջուկային զինանոցը սահմանափակելու՝ Միացյալ Նահանգների դժկամության պատճառներից մեկն էլ միջուկային երրորդ գերտերության ի հայտ գալն է՝ հանգամանք, որի մասին 2010 թվականին New START պայմանագիրը ստորագրելիս քչերն էին մտածում։

«Միջուկային զենքի առումով լանդշաֆտի ամենամեծ փոփոխությունը Չինաստանի ի հայտ գալն է՝ որպես մարտահրավեր՝ աշխարհի միջուկային զենքի ամենամեծ զինանոցին տիրապետող Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Սպառնալիքների համագործակցային նվազեցում» ծրագրի նախկին ավագ ղեկավար Ուիլյամ Մունը։

Մունը, որ ունի Ռուսաստանի միջուկային զենքի կայանների ստուգման փորձ, հավելել է, որ «առանց Չինաստանի մտադրությունները լավ հասկանալու, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը չեն շտապի սահմանափակել իրենց միջուկային պաշարներն ու միջուկային արդիականացման ծրագրերը»։

2022 թվականի զեկույցում Պենտագոնը գնահատել է, որ Չինաստանը «մինչև 2035 թվականը հավանաբար կունենա մոտ 1500 մարտագլխիկ»։

Արբանյակային պատկերը ցույց է տալիս այն, ինչը, ենթադրաբար, հրթիռային սիլոս է, որը կառուցվում Չինաստանի անապատում, 2021 թ․

Հաջորդ ամսվանից սկսած սպառազինությունների նոր մրցավազքի մեկնարկի հեռանկարը այս ոլորտում վերահսկողության կողմնակիցներին ստիպել է ակտիվանալ։

Զենքերի վերահսկման ասոցիացիայի գործադիր տնօրեն Դերիլ Քիմբոլը «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Իրականությունն այն է, որ ավելի շատ միջուկային զենքը ոչ մեկին ավելի անվտանգ չի դարձնելու։ Միացյալ Նահանգներն արդեն իսկ ունի հսկայական, ավերիչ և մեծապես անխոցելի միջուկային ուժ, որն ավելի քան բավարար է Չինաստանի, Ռուսաստանի և ցանկացած այլ միջուկային զենք ունեցող պետության կողմից միջուկային հարձակումը կանխելու համար»։

Ըստ նրա՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջուկային զինանոցների ավելացումը «կարող է ավելի անկայուն դարձնել միջուկային փոխադարձ զսպման համակարգը, լարել Միացյալ Նահանգների՝ արդեն իսկ թանկարժեք ու ժամանակացույցից հետ ընկած միջուկային արդիականացման ծրագիրը՝ ստիպելով միաժամանակ Չինաստանին արագացնել միջուկային զենքի կուտակման ի՛ր ծրագիրը»։

Միջուկային դարաշրջանի անհայտ, անկանխատեսելի տարածք մուտք գործելու շեմին, ասում է Քիմբոլը, «մարդկային քաղաքակրթությունը շարունակում է վտանգավոր կերպով կախված մնալ միջուկային զենք ունեցող երկրների ու նրանց դաշնակիցների վտանգավոր ռազմավարություններից»։