Միջադեպ Գյումրիում ՝ ռուս զինծառայողների մասնակցությամբ. Արթուր Սաքունցը դիմել է Գլխավոր դատախազություն

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին է բարձրաձայնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին է ուղարկվել մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մի երիտասարդի ռուս զինվորականները ծեծում ու նվաստացնում:

Իրավապաշտպան կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն: Քննչական կոմիտեից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ քրեական վարույթ են նախաձեռնել՝ մի խումբ անձանց կողից ֆիզիկական ներգործության հոդվածով, դատաբժշկական փորձաքննություն նշանակել:

Սաքունցի կարծիքով՝ նաև դատահոգեբանական փորձաքննության կարիք կա. «Իհարկե պետք է դատաբժշկական, կարելի էր նաև դատահոգեբանական փորձաքննություն, որովհետև ժամկետը բավական երկար անցել է, հնարավոր է ֆիզիկական վնասվածքներ պահպանված չլինեն, բայց հոգեբանական ազդեցությունը, այսինքն, էդ առումով հոգեբանական փորձաքննությունը, ինձ թվում է, առավել քան ակտուալ կարող էր լինել, որպեսզի կարողանան նաև գնահատել էդ մարդու հոգեբանության վրա ազդեցության միջոցով նաև բռնության փաստը: Ստամբուլյան արձանագրությամբ է որոշվում այդ մեխանիզմը: Շատ կարևոր է հայտնաբերել, թե ում կողմից է արվել: Նրանց նկատմամբ միջոցներ ձեռք առնե, ես նկատի ունեմ հայտաբերել, ձերբակալել, կալանավորել»:

Նախաքննական մարմից հայտնեցին, որ այս վարույթի շրջանակներում այս պահին ձերբակալված անձ չկա: Ռուսական ռազմաբազան որևէ մեկնաբանություն չի արել այս միջադեպի մասին:

«Ազատության» տեղեկություններով՝ երիտասարդը, ում ծեծում ու նվաստացնում էին դիմակավորված ռուս զինծառայուղները, ևս ազգությամբ ռուս է: Տեսանյութում, ի դեպ, դիմակավորված զինվորականն ազգանուն է հնչեցնում՝ Դանիլո:

Չնայած հարուցված քրեական վարույթին, Սաքունցը մտահոգություն ունի. «Հերթական անգամ մենք կունենանք դեպքը, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողներին էլի կպահեն ռուսական բազայում, էլի չեն ներկայացնի ՀՀ իրավապահ մարմիններին: Էստեղ շատ կարևոր է տեսնել, թե Հայաստանի իրավապահ մարմինները ինչ միջոցներ ձեռք կառնեն, որպեսզի անձի արժանապատվությունը նվաստացնող այդ վերաբերմունքը դրսևորածները հայտնվեն ՀՀ իրավապահ մարմինների հսկողության ներքո»:

Միջադեպի հետ կապված ևս մեկ կարևոր հանգամանք է մատնանշում Սաքունցը՝ դեպքի վայրը, ռազմաբազայի պատերից նե՞րս է եղել, թե՞ ոչ ու ինչպե՞ս է երիտասարդը հայտնվել զինվորականների հսկողության տակ:

Անցած տարիներին հայաստանյան արդարադատության առաջ կանգնած ռուս զինծառայողներին, այդ թվում յոթ հոգանոց ընտանիքի սպանած Վալերի Պերմյակովին ռուսական կողմը բազայի տարածքից դուրս չի թողել: Պերմյակովի դեպքում դատարանը գնաց բազա: Գյումրեցի կնոջը ծեծելով սպանած ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի դատերն էլ հեռավար անցան՝ տուժողը ու մեղադրող կողմը դատարանում էին, ամբաստանյալը փաստաբանի հետ բազայի տարածքից օնլայն էին միանում նիստերին: Արթուր Սաքունցը կարծում է, որ Գլխավոր դատախազությունն այստեղ անելիք ունի:

«Գլխավոր դատախազությունը պետք է պահանջ ներկայացնի ՌԴ գլխավոր դատախազությանը հանձնելու համար, որովհետև էդ մարդիկ գտնվում են ՀՀ տարածքում», - ասաց նա: