Միայնակ տղամարդը մահճակալից վեր է կացել 1 տարի առաջ, լողացել՝ ամիսներ առաջ

Արմեն Բեգլարյանը

Մասիսում ապրող 45-ամյա Արմեն Բեգլարյանն ասում է՝ վերջին անգամ մահճակալից վեր է կացել մեկ տարի առաջ, լողացել՝ ամիսներ առաջ։

Բեխտերևի հիվանդություն ունի՝ ողնաշարի ու հոդերի քրոնիկական բորբոքում։ Պատշաճ բուժում չստանալու հետևանքով՝ արդեն ոտքերը գրեթե անշարժացել են, մատները փտում են, մեջքին վերքեր ունի, իսկ ցավազրկողները չեն օգնում։

Ծնողները, քույրն ու վերջին երկու խնամակալները մահացել են։ Ավելի քան 14 օր միայնակ պառկած է տանը, մինչև Ֆրանսիայից ժամանեց միակ հարազատը, որը երկար չի կարող մնալ։

«Նա մնաց մենակ, բացարձակ մենակ։ Ոչ մեկին պետք չէ, կարծում եմ, հատկապես պետությանը։ Ես էլ երկար չեմ կարող մնալ, պետք է վերադառնամ»,- ասում է Արմեն Բեգլարյանի հարազատը։

Առաստաղից կախված պարանի օգնությամբ նախկինում կարողանում էր ձգվել ու գոնե նստել։ Իսկ հիմա ասում է՝ ոտքերը քարանում են, կարիքներն էլ հոգում է անկողնում պառկած՝ ծայրահեղ դժվարությամբ, հրաժարվեց ոտքերի վիճակը ցույց տալ, ասաց՝ անհարմար է զգում, վաղուց չի լողացել։

«Այն ժամանակ կարողանում էի, ինձ խնամակալն օգնում էր, պարանը դրա համար էր, բռնում էի, ինձ կողքից ինքը բռնում էր, ես խադունոկով հելնում էի, գնում էի զուգարան էլի, ես իմ ոտքով»,- պատմում է Արմեն Բեգլարյանը:

«Մարդը մենակ է, անկողնային, սոված, ծարավ». ահազանգում է կամավորը

Երևանցի Անահիտ Նաղդալյանն ու իր ընկերներն են զբաղվում տղամարդու խնդրով։ Անահիտն ասում է՝ ուր ասես չեն դիմել պետական կառույցներից, հաշված անգամներ տնայցեր են արել, չոր սնունդ տրամադրել, բայց Արմենը չի կարողանում դրանք պատրաստել։

«Ես զգուշացրել եմ, որ հարցը հրատապ է, մարդը մենակ է, անկողնային է, սոված է, ծարավ է և բոլոր այս հարցադրումներին ստացել եմ մի պատասխան՝ լրացրեք օնլայն դիմում և սպասեք պատասխանին։ Դա եղել է մոտավորապես մեկ շաբաթ առաջ։ Խնամողը մահացել է, երկու շաբաթ տղան մենակ է»,- նշում է Անահիտ Նաղդալյանը:

Արմենն ու հայրը Արցախից են տեղահանվել։ Հայրը ծերանոցում է մահացել, մինչև այդ որդուն ինքն էր խնամում։ Մայրն ու քույրն ավելի վաղ են մահացել։ Պետական մարմիններն Արմենին Երևանի խնամքի կենտրոններից մեկն էին տարել։ Մոտ մեկ տարի այնտեղ մնալուց հետո նա հացադուլ է հայտարարել և պահանջել տուն վերադառնալ։ Շատ բան չի պատմում, միայն պնդում է՝ պայմանները սարսափելի էին։

Ֆակտոր TV-ն այդ կենտրոնում նկարահանումներ է արել դեռ երկու տարի առաջ։ Այնտեղ ապրողները պատմել էին, որ ամիսներ առաջ են լողացել, գարշահոտության ու կեղտի մեջ են ապրել։ Կենտրոնի աշխատակիցը հերքել էր պնդումները։ Այդ կադրերում նաև Արմենն է երևում։ Անահիտն ասում է՝ հիմա կրկին պետությունն առաջարկում է Արմենին խնամքի կենտրոն տանել, բայց այս անգամ մեկ այլ: Արմենը տեսածից ու ապրածից հետո չի ուզում գնալ, ասում է.- «Լավ եմ հասկանում, ծերանոց չեմ ուզում, այսպես ապրել էլ չեմ ուզում»։

45-ամյա տղամարդու երկու խնամակալներն էլ ապրելու տեղ չեն ունեցել, համաձայնել են բնակվել Արմենի հետ ու խնամել նրան։ Հաշմանդամության առաջին խումբ ունեցող Արմենի 69 հազար դրամ թոշակով ու նպաստով են ապրել։ Առաջին խնամակալի մահից հետո Արմենը երկու ամիս միայնակ է մնացել, հետո երկրորդ խնամակալին են գտել, նա էլ օրերս է մահացել, և արդեն երկու շաբաթ Արմենը կրկին միայնակ է։

«Պետական աջակցության խնդիրն է. տվյալ մարդը հնարավորություն չունի օնլայն դիմում լրացնելու, ինքը չունի հնարավորություն սնունդին մոտենալու, իրեն սնունդ պատրաստելու և շտապ օգնություն, որպես այդպիսին ինքը չի ստանում»,- Անահիտ Նաղդալյանն ասում է՝ պետությունը պետք է Արմենին խնամակալ հատկացնի, որ ավելի երկար ժամերով կմնա։

«Ղեկավարի հետ քննարկում էի, ասեց, որ շաբաթական մի անգամ է տրամադրվում խնամքը: Եթե շատ ծանր դեպք է՝ երկու անգամ, երկու ժամով, ինչը բավարար չի նման պացիենտների համար։ Եթե շաբաթական մի անգամով խնամող է գալիս, երկու ժամ խնամում է, դա այնքան փոքր ծավալ է, որ կարող է դա էլ չլինել: Այսինքն՝ եթե չգա էլ, մեկ է ոչ մի բան չի փոխվելու»,- նկատեց Անահիտ Նաղդալյանը:

Սոցապի արձագանքը

Սոցապ նախարարությունից չեն ընդունում պնդումները, թե Արմեն Բեգլարյանն անտեսված է պետության կողմից։ Ասում են՝ նրան տարել են խնամքի կենտրոն, սակայն նա հրաժարվել է այնտեղ մնալ և վերադարձել է տուն։ Խնամակալության ծառայությունից ևս հրաժարվել է։ Արմենն էլ «Ազատությանն» ասաց՝ այդ ծառայության ժամերը քիչ են, նախընտրել է անծանոթ մարդկանց հետ ապրել իր տանը, որ շուրջօրյա խնամք ունենա։ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատանքի ու ծառայությունների վարչության գլխավոր մասնագետ Մերինե Մեհրաբյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ տնայցեր եղել են՝ ըստ անհրաժեշտության և կարիքի։ Խնամքի ծառայության աշխատանքը պետությունը պատվիրակել է մասնավոր կազմակերպություններին, դրանցից մեկն էլ կզբաղվի Արմենի խնդրով, երբ տեղ ազատվի։

Մեհրաբյանի խոսքով.- «Իր կարիքը գնահատված է, բայց ինքը դեռևս գտնվում է հերթացուցակում, և ես դեռևս այլ մանրամասներ չեմ կարող Ձեզ տրամադրել, քանի որ կազմակերպությունը պետք է ևս իր սոցիալական աշխատողը գնա տնային այցելություն կատարի, և ըստ խմբի համաձայն, որովհետև հստակ խմբեր կան առանձնացված, արդեն ծառայության և՛ հաճախականությունը, և՛ ժամային քանակը հստակ լինի»:

Մեր նկարահանման պահին Արմենի տանն էր նաև Մասիսի տարածքային կենտրոնի միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը, ու կրկին համոզում էր, որ նա խնամքի կենտրոն գնա։ Անահիտ Նաղդալյանն էլ ասում է՝ մինչև այս ոչ մի սոցիալական աշխատող տղամարդու փաստաթղթերով անգամ չի զբաղվել, ինքն է դրանք կարգավորել։

«Եթե չկա կամավոր, մարդը սովամահ է լինում։ Այսինքն կամավորները ապահովում են սնունդը, փաստաթղթերի հավաքագրումը, դիմում լրացնելը, պետական մարմինը, կարծում եմ, ինքը պետք է կազմակերպի, այսինքն՝ մարդը զանգելով թեժ գիծ պետք է իմանա, որ ինքն անմիջապես շտապ օգնություն պետք է ստանա պետական մարմիններից առանց միջնորդների, կամավորների ու այլ մարդկանց հույսին մնալու»,- ասում է կամավոր Անահիտ Նաղդալյանը:

Արմենը ժամանակին արևելյան մարտարվեստով է զբաղվել, հիմա ոտքերն անգամ չի կարողանում շարժել, ցավերից հաճախ բղավում է, ասում է՝ երբևէ առողջական վիճակի պատշաճ գնահատում չի ունեցել, միայն ցավազրկողներով է ապրում, այնքան՝ ինչքան կապրի։

«Երեկ համակարգն աշխատեց ու էլի չաշխատեց»,- ասում է Անահիտ Նաղդալյանը՝ պնդելով, որ նախարարությունը պետք է փոխի իր մոտեցումը, որպեսզի Արմենի կարգավիճակում գտնվող մարդիկ շուրջօրյա խնամք ստանան իրենց տանն անվճար։