Առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտած «Միասնության թևեր» կուսակցությունն այսօր Շիրակի մարզում էր քարոզարշավ անցկացնում: Վարչապետի թեկնածուն՝ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չէր միացել թիմակիցներին: Ընտրացուցակի 2-րդ համարը՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանն էր ընտրողներին հորդորում իշխանափոխություն անել:
«Մենք բոլորս պիտի իշխանափոխության ձգտենք, որովհետև պիտի ազգային ուժեր գան, որովհետև էսօրվա մեր իշխանությունը, էսօրվա վարչապետը, ինքը մեր հայկական շահերը չի սպասարկում»,- ասում էր ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նիկոլ Փաշինյանի համակիր, արթիկցի մի տարեց տղամարդ Արման Թաթոյանին «կլյաուզիայի» մեջ մեղադրեց, ասաց. «Մարդու իրավունքների պաշտպան էր, թող ելեներ էն ժամանակ խոսար...կլյաուզիա է անում, թե 300 հազար թուրք կուգա»:
Ավելի ուշ Դավիթ Անանյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ արթիկցու պնդումներին, Անանյանի խոսքով.- «Մենք ոչ թե կլյաուզիա ենք անում, բնականաբար, այլ բացահայտում ենք Ադրբեջանի պլանները, մենք գիտենք, որ այո, դա պետական ծրագիր է և իրականացվում է համանուն հասարակական կազմակերպության գործարկմամբ, դա հստակ պետական ծրագիր է, որ իրականացվելու է այս իշխանությունների ընտրության պարագայում»:
Պաշտոնական Բաքուն նախորդող տարիներին բազմիցս ամենաբարձր՝ նախագահի մակարդակով է խոսել Հայաստան ադրբեջանցիների վերադարձի պահանջի մասին: Անցած դեկտեմբերին Իլհամ Ալիևն անգամ ասել էր, թե պետք է ակտիվացնել նրանց վերադարձի ուղղությամբ ջանքերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«300 հազար ադրբեջանցիները»՝ նախընտրական բանավեճի թեմա. Կարապետյանը պնդում է, Փաշինյանը՝ հերքումՀայաստանի իշխանությունները ներքաղաքական բանավեճի առիթ դարձած 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին ընդդիմախոսների հայտարարությունները սուտ են որակում: Չնայած Բաքվի ուղիղ պահանջին, արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր «մեծագույն սրիկայություն է» անվանել այս խոսակցությունները:
«Ասել, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է 300 հազար ադրբեջանցի բերել և բնակեցնել Հայաստանում մեծագույն սրիկայություն է: Էսքան ասում ենք, որ դա սուտ է։ Եթե էդքան մենք ասում ենք, որ դա սուտ է, դա հնարավոր չէ, և դա չի համապատասխանում իրականությանը, դա լսելուց հետո շարունակել կրկնել, ուղղակի սրիկայություն է»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:
Իրենց սուտ լուրեր տարածելու մեջ մեղադրող իշխանություններին «Միասնության թևերի» ներկայացուցիչը հակադարձում է, թե իրենք օրինակներ ունեն:
«Եվ այդ քարոզչությունը, որ իրենք ասում են՝ սուտ է, մենք դեպքեր ենք չէ՞ ունեցել, որ արբանյակային լուսանկարներով բացահայտել ենք առաջխաղացումը, նրանք ասում են՝ սուտ է։ Այսինքն՝ այն, ինչ մենք ներկայացնում ենք որպես ապացույցներ, դրանք իրենք ներկայացնում են որպես սուտ»,- ասաց «Միասնության թևերի» երկրորդ համար Դավիթ Անանյանը:
Քաղաքական այս ուժը կարևորում է նաև ապրիլյան քառօրյա և հատկապես 44-օրյա պատերազմների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցների հրապարակումը: Այդ երկու զեկույցներն էլ Փաշինյանի կառավարման շրջանում են կազմվել ու չեն հանրայնացվել: Անանյանն ասում է՝ հասարակությունը պետք է իմանա՝ ով է մեղավոր և ինչն էր պարտության պատճառը:
Նրա խոսքով.- «Այն, ինչ մենք հիմա պիտի անենք պարտությունից 6 տարի հետո, մենք սա պետք է անեինք պարտությունից անմիջապես հետո։ Բայց, քանի որ այսօրվա իշխանությունները վերարտադրվելու կենսական այդպիսի պահանջ ունեին, չէ՞, իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի կոծկեն, և աստիճանաբար իրենց մեղքը բարդեն միայն բանակի վրա։ Այնինչ, բանակի մեղքն այստեղ երկրորդական, երրորդական է: Կա՞ն բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ունեն իրենց մեղքերը, հավանաբար, կլինեն, բայց այստեղ կա քաղաքական, հստակ մեղք և պարտականություն, որն այսօր իրենք գցում են բանակի վրա»:
Քաղաքական այս ուժը բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, էլի կարմիր գծեր ունեն ընդդիմադիրների հետ համագործակցության հարցում:
«Մենք ասում ենք, որ ընդդիմադիր ուժերի հետ կլինի համագործակցություն, այո, կլինի, բայց այդ համագործակցության շրջանակում այնպես չի լինի, որ, օրինակ, 2-րդ նախագահը կդառնա երկրի վարչապետ։ Մենք կհամագործակցե՞նք «Հայաստան դաշինքի հետ, այո, կհամագործակցենք, բայց էդ համագործակցության արդյունքում ինքը չի կարող լինել երկրի վարչապետ։ Սա էլ է կարմիր գիծ»,- հայտարարեց Դավիթ Անանյանը:
«Միասնության թևերը» հայտարարում է, որ իրենց առաջնային խնդիրն այսօրվա իշխանություններին իշխանազրկելն է: