«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին». Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Նա հայտնել է, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն:

Վարդանյանը նշել է, որ իր ելույթում պատրաստվում է ընդգծել՝ «տեղի ունեցողը չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային»։

«Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով։ Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։

Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից», - նշել է Վարդանյանը։

«Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում, թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում», - ընդգծել է Արցախի նախկին պետնախարարը:

«Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան: Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հաղորդեցին, որ Բաքվում ընթացող դատավարության ընթացքում դատախազը պահանջել է Արցախի նախկին պետնախարարին դատապարտել ցմահ ազատազրկման:

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ:

Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում դատախազը պահանջում է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկմանՌուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է