Մի շարք երկրներ դատապարտում են ՌԴ-ի կողմից Կիևի վրա բալիստիկ հրթիռային հարձակումը

Կիևը՝ ռուսական հրթիռների և ԱԹՍ-ների գիշերային հարձակումներից հետո, 24-ը մայիսի, 2026թ․

Մի շարք երկրներ դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը, այդ թվում՝ «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով։

«Ֆրանսիան դատապարտում է այս հարձակումը, ինչպես նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռի կիրառումը», - X-ում գրել է նախագահ Մակրոնը՝ շեշտելով, որ «Օրեշնիկ»-ի օգտագործումը վկայում է ինչպես էսկալացիայի նոր տեսակի, այնպես էլ՝ ռուսական ագրեսիայի փակուղային վիճակի մասին։

Նա վերահաստատել է Փարիզի աջակցությունն Ուկրաինային։

Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարեց՝ Ռուսաստանը «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինայի Կիևի մարզի Բիլա Ցերկվա քաղաքին:

Զելենսկին հայտնեց, որ Ռուսաստանը հարձակման ընթացքում արձակել է 600 անօդաչու թռչող սարք և 90 հրթիռ, վիրավորվել է առնվազն 83 մարդ:

Ռուսական պետական լրատվամիջոցները հղում անելով պաշտպանության նախարարությանը՝ հայտնում են, որ ռուսական ուժերը կիրակի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին՝ օգտագործելով չորս տեսակի հրթիռներ՝ «Օրեշնիկ», «Իսկանդեր», «Կինժալ» և «Ցիրկոն»՝ ի պատասխան Կիևի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հասցված հարվածների:

Ուկրաինան հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորելու մեղադրանքը:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է՝ Ռուսաստանը «մարտի դաշտում մտել է փակուղի, ուստի ահաբեկում է Ուկրաինային՝ միտումնավոր հարվածներ հասցնելով քաղաքների կենտրոններին»։

«Սրանք ահաբեկչական սահմռկեցուցիչ գործողություններ են, որոնց նպատակն է հնարավորինս շատ խաղաղ բնակիչներ սպանել», - X-ի գրառմամբ ընդգծել է Կալլասը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան իր աջակցությունը հայտնելով Ուկրաինային՝ նշել է, որ Ռուսաստանի կողմից «խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ դաժանության դրսևորումը» ցույց է տալիս, որ Մոսկվան «որևէ շահագրգռվածություն չունի ներգրավվել խաղաղության բանակցություններում»։

Դատապարտող գրառում է կատարել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը։

Ռուսաստանի գիշերային գործողությունները դիվանագետը «շոկային» է որակել, իսկ «Օրեշնիկ»-ի կիրառումը՝ «հերթական էսկալացիա»։

Ռուսական հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում են տեղական պաշտոնյաները։

Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում

Նախօրեին հաղորդվեց, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքի քոլեջի վրա ուկրաինական օդուժի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանի վրա հինգշաբթիից ուրբաթ գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումը և հրամայել բանակին պատրաստվել պատասխան գործողությունների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը 4 տեսակի հրթիռներով, այդ թվում՝ «Օրեշնիկ»-ով հարվածել է ՈւկրաինայինՌուսական հարձակման հետևանքով Կիևում և հարակից շրջաններում չորս մարդ է զոհվելՈւկրաինական ԱԹՍ-ի հարձակումը հրդեհ է առաջացրել ռուսական նավթամբարում. քաղաքապետՌԴ-ի կողմից օկուպացված քաղաքում քոլեջի վրա ուկրաինական հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել. նահանգապետ