Մեծ Բրիտանիայում չորս տղամարդ է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու կասկածով։ Ոստիկանությունը հաղորդում է, որ նրանք ենթադրաբար Իրանի հետախուզական ծառայությանը օգնել են Լոնդոնի հրեական համայնքի հետ կապ ունեցող վայրերի և անձանց մասին տեղեկություն հավաքելով։
Մետրոպոլիտեն ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվածներից մեկն Իրանի քաղաքացի է, երեքը՝ երկքաղաքացիություն ունեցող բրիտանա-իրանցիներ։
«Մենք հասկանում ենք, որ հանրությունը, հատկապես հրեական համայնքը, կարող է մտահոգ լինել, և ինչպես միշտ՝ խնդրում եմ նրանց լինել զգոն, և եթե տեսնեն կամ լսեն որևէ բան, որը կարող է անհանգստություն առաջացնել, կապ հաստատեն մեզ հետ»,- զգուշացրել է Հակաահաբեկչական ոստիկանության ղեկավար Հելեն Ֆլենագանը։
Դեռ անցած տարի հոկտեմբերին MI5-ի՝ Միացյալ Թագավորության հակահետախուզական և անվտանգության գործակալության ղեկավար Քեն Մաքքալումը հայտարարել էր, որ բրիտանական անվտանգության ծառայությունները հայտնաբերել են Իրանի աջակցությամբ ավելի քան 20 պոտենցիալ մահաբեր դավադրություն: