Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցին ընդառաջ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ավելի արագ գործի պաշտպանական ծախսերի ավելացման հարցում։
Քիր Սթարմերը արդեն պարտավորվել է հաջորդ տարի պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2.5 տոկոսի, իսկ հաջորդ ընտրություններից հետո՝ 3 տոկոսի։
«Մենք կանգնած ենք ռուսական ագրեսիայի սպառնալիքի առջև։ Մի քանի օրից լրանում է Ուկրաինայում հակամարտության մեկնարկի չորս տարին։ Մենք ցանկանում ենք արդար և երկարատև խաղաղություն, սակայն դա չի վերացնի ռուսական սպառնալիքը, և մենք պետք է զգոն լինենք, քանի որ դա ազդելու է այս սրահում գտնվող յուրաքանչյուր մարդու, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու վրա։ Ուստի պետք է ուժեղացնենք մեր քայլերը։ Դա նշանակում է, որ պաշտպանության ծախսերի հարցում պետք է ավելի արագ առաջ շարժվենք»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ հավելելով, որ պաշտպանության ամրապնդումը վերաբերում է ոչ միայն ֆինանսավորման ավելացմանը, այլև համախոհ երկրների, հատկապես Եվրոպայի հետ համագործակցությանը։