Meta-ն կօգտագործի AI՝ անչափահասների հաշիվները բացահայտելու համար

ԱՄՆ տեխնոլոգիական հսկա Meta ընկերությունը նախատեսում է օգտագործել արհեստական բանականություն՝ անչափահաս օգտատերերի տարիքը ստուգելու և մինչև 13 տարեկան երեխաներին հարթակներից հեռացնելու նպատակով։

AI-ով աշխատող համակարգը վերլուծելու է ոչ միայն տեքստային տվյալները, այլև պատկերների, մեկնաբանությունների և տեսանյութերի (reels) բովանդակությունը՝ ընկերության հարթակներում՝ Facebook, Instagram, Threads և WhatsApp։

Ընկերությունից հայտնում են, որ եթե համակարգը հայտնաբերի օրինակ՝ փուչիկներ կամ 11-ամյակի տորթի պատկեր, ապա հաշիվը կդիտարկվի որպես երեխայի հաշիվ և կջնջվի։

Տուժած օգտատերերը կկարողանան վիճարկել որոշումը և իրենց տարիքը հաստատել անձնագրային կամ այլ պաշտոնական փաստաթղթերով։

Meta-ն օգտագործելու է AI՝ հայտնաբերելու նաև մինչև 17 տարեկան այն դեռահասներին, որոնք իրենց ներկայացրել են որպես մեծահասակ։ Այդ դեպքում համակարգը կվերլուծի վարքային տվյալները, օրինակ՝ ինչ հաշիվներին են նրանք հետևում։

Եվրոպական հանձնաժողովը վերջերս մեղադրել է Meta-ին՝ երիտասարդներին բավարար չափով չպաշտպանելու համար։ Բրյուսելը պահանջում է, որ Instagram-ը և Facebook-ը ապահովեն նվազագույն 13 տարեկան սահմանը, հակառակ դեպքում՝ սպառնում խոշոր տուգանքներով։

Ավելի երկարաժամկետ հեռանկարում հանձնաժողովը պահանջում է, որ բոլոր սոցիալական ցանցերն օգտագործեն ԵՄ-ի միասնական հավելված՝ տարիքային ստուգման համար։
ԵՄ մի շարք երկրներում՝ Ավստրիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում, քննարկվում է նաև մինչև որոշակի տարիք (15 կամ 16) սոցիալական ցանցերի ամբողջական արգելք։ Ավստրալիան արդեն ներդրել է նման արգելք։