Մերցը հայտնվել է թիմակիցների քննադատության թիրախում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնվել է սեփական՝ աջ-կենտրոնամետ Քրիստոնեա-դեմոկրատական միության քննադատության թիրախում կադրային վերադասավորումներից հետո, որոնք սկիզբ առան խորհրդարանական խմբակցության ղեկավար Յենս Շպանի հրաժարականից հետո։

Շպանը ստիպված էր հրաժարական տալ այս ամիս, երբ պարզվեց, որ նա և իր ամուսինը երեխա են ունեցել ԱՄՆ-ում փոխնակ մոր միջոցով․ այդ պրակտիկան Գերմանիայում անօրինական է, կուսակցությունն ու ինքը՝ Շպանն էլ բազմիցս մերժել են այն օրինականացնել։

Դաշնակից Շպանի փոխարեն նոր թեկնածուի առաջադրմանը զուգահեռ անցած շաբաթ հաղորդվեց, որ կանցլերը մտադիր է փոխել նաև տրանսպորտի նախարար Պատրիկ Շնիդերին, ով, սակայն, ստիպված էր մի քանի օր մնալ կառավարության կազմում, մինչև նրա պաշտոնանկության մասին պաշտոնապես կհայտարարվեր։

Կրքերը նաև բորբոքվեցին, երբ առողջապահության փոխնախարար Տինո Սորգեն ֆեյսբուք սոցիալական ցանցում գրեց, թե Մերցը իրեն ազատել է աշխատանքից՝ առանց իր հետ նախապես խոսելու։ «Սա է Մերցի ղեկավարման ոճը»,- պնդել էր նա։

Կուսակցական ներքին խռովությունները խորանում են Մերցի և նրա կուսակցության ցածր վարկանիշի ու սեպտեմբերին Արևելյան Գերմանիայի երկու նահանգներում կայանալիք ընտրություններից առաջ։

Սոցհարցումների համաձայն, աջ ծայրահեղական «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցությունը կարող է հաջողության հասնել և առաջին անգամ նահանգային կառավարության ղեկավարի պաշտոն ստանալ։