Մերձմոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են նավթաբազային, Wildberries-ի պահեստին, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում 3 մարդ է զոհվել

Անցորդները դիտում են, թե ինչպես է ծուխը բարձրանում Մոսկվայի մերձակայքում գտնվող Wildberries ընկերության լոգիստիկ համալիրներից մեկում բռնկված հրդեհից հետո։ 2026թ. հուլիսի 18:

Անցած գիշերը Ուկրաինան լայնածավալ հարձակում է իրականացրել Մերձմոսկվայի ուղղությամբ, հարձակման հիմնական հետևանքներն արձանագրվել են Պոդոլսկում, Դոմոդեդովոյում և Օդինցովոյի քաղաքային շրջանում, կան տուժածներ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Դոմոդեդովոյի հիվանդանոցը հայտնել է, որ ականապայթյունային վնասվածքներով վեց տուժած է ընդունել, որոնցից երեքը օտարերկրյա քաղաքացիներ են։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

ASTRA-ի տվյալներով՝ Պոդոլսկում հարվածի տակ է հայտնվել նավթաբազան։ Ուկրաինական ալիքները հայտնում են Կոլեդինո ավանի Wildberries-ի պահեստի և Դոմոդեդովոյի «Հարավային դարպասներ» («Южные врата») պարկի վրա հարձակման մասին։

Բրյանսկի մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկը հայտնել է, որ մարզի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել։ «Մահացու վնասվածքներ է ստացել հրշեջ մեքենայի վարորդը, որը մեկնել էր հրդեհը մարելու։ Երեք խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավորներ կան նաև Պոգարսկի և Ստարոդուբսկի շրջաններում», - գրել է նա։

Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կիրակի երեկոյան Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է մոտոցիկլավար։ «Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում ԱԹՍ-ն պայթել է ձեռնարկության տարածքում։ Հինգ մարդ տեղափոխվել է շրջանային հիվանդանոց։ Նրանցից մեկը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել», - ասված է հաղորդագրության մեջ։

Կուրսկի մարզում, ըստ նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնի, վերջին մեկ օրում մեկ մարդ զոհվել է, ինը մարդ՝ տուժել։

Wildberries-ի մամուլի ծառայությունը պնդում է, որ Կոլեդինոյի համալիրը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։ Ավելի վաղ աշխատակիցները տարհանվել էին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ից մինչև առավոտյան ժամը 05:00-ը խոցվել է ավելի քան 400 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին դեպի Մոսկվայի տարածաշրջան։

Նախորդ անգամ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Wildberries-ի պահեստները թիրախավորել էին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը։ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում զոհվել էր ընկերության յոթ աշխատակից, որոնք աշխատում էին գիշերային հերթափոխում, ևս 25 մարդ տուժել էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհեր

Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքն ընկել էր պահեստի տարածքում, որի հետևանքով 24 մարդ վիրավորվել էր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններում պահվում էին ԱԹՍ-ների բաղադրիչներ։