Մերձդնեստրի բնակիչները ՌԴ քաղաքացիություն կստանան դյուրացված կարգով

ՌԴ անձնագրեր, արխիվ

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել չճանաչված Մերձդնեստրի քաղաքացիներին դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին: Համաձայն Ռուսաստանի նախագահի հրամանագրի՝ դիմում կարող են ներկայացնել Մերձդնեստրի տարածքում մշտապես բնակվող անձինք: Պարզեցված ընթացակարգի համար չի պահանջվում Ռուսաստանում մշտական բնակություն, ռուսաց լեզվի, պատմության և Ռուսաստանի օրենսդրության հիմունքների իմացության քննություն:

Դիմել չեն կարող օտարերկրացիները, որոնք մասնակցել են զինված հակամարտությունների, հայրենիքում ծառայել են բանակում կամ անվտանգության մարմիններում, կամ ազատազրկված են եղել:

Ապրիլին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Մերձդնեստրում ապրում են 220 հազարից ավելի ռուսաստանցիներ, որոնց շահերն իբր վտանգված են Ուկրաինայի և Մոլդովայի իշխանությունների գործողությունների հետևանքով:

Մերձդնեստրը դե յուրե Մոլդովայի մաս է և ճանաչված չէ ՄԱԿ-ի անդամ որևէ երկրի կողմից: Փաստացի տարածաշրջանում գործում է «Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետությունը»՝ սեփական իշխանության մարմիններով, բանակով, արժույթով և անձնագրերով:

Ռուսաստանը թեև պաշտոնապես ճանաչում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, սակայն քաղաքականապես, տնտեսապես և ռազմական ներկայությամբ աջակցում է Մերձդնեստրին: Չճանաչված հանրապետությունում տեղակայված են Ռուսական զորքերի օպերատիվ խումբ և խաղաղապահներ: Քիշնևն անօրինական է համարում զորախումբը և պահանջում է դրա դուրսբերումը, Մոսկվան, սակայն, պնդում է, որ իր զորքերն ներկայությունն օրինական է՝ հղում կատարելով 1992 թվականի համաձայնությանը: