Ատոմակայանի հարցով որոշումներ կկայացվեն վստահելի պատասխաններ ստանալուց հետո. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մանրամասներ գրեթե չհայտնեց, թե ինչ է ենթադրում ԱՄՆ նախագահի հայտնած տեղեկությունը, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարին սպասվող այցի ընթացքում խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր կկնքեն Հայաստանի հետ:

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ստորագրել եմ երեք մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան»,- նշեց Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը ատոմային կայան կառուցելու հարցով որոշում ունի և ընտրել է ամերիկյան տարբերակը, վարչապետն արձագանքեց.

«Մեր համագործակցությունը զարգացնում ենք տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաներին։ Մենք ինստիտուցիոնալ փորձագետների հետ աշխատում ենք, բայց որևէ մտահոգություն չի անտեսվելու։ Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. Թրամփ

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար:

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին», - գրել էր ԱՄՆ նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոբախիձե․ «Վենսի այցը Զանգեզուրի միջանցքի մասին է»