«Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 19-րդ օրը Կոտայքի մարզում էր: Մեղրաձորից մինչև Եղվարդ Փաշինյանն այսօր մարդկանց պատմում էր Հանրապետության օրը սպասվող զորահանդեսի մասին: Ինքը դա անվանում էր հաշվետվություն և մարդկանց հորդորում բաց չթողնել այդ իրադարձությունը: Չէր մոռանում նաև ընդգծել՝ Հայաստանի բանակը պաշտպանվելու համար է, ոչ թե ագրեսիայի:
«Մեր ժողովուրդը, իրապես, իր բանակը տոնելու առիթ է ունենալու, և էդ բանակը նորահագուստով, դաշտային հագուստով, տոնական հագուստով, բայց նաև հայեցակարգով։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է օգտագործվի և կիրառվի միայն ու միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միջազգայնորեն ճանաչված պաշտպանելու համար։ Այլ խնդիրների համար բանակը չի կարող կիրառվել»,- հայտարարեց վարչապետը:
Կոտայքի մարզի գրեթե բոլոր համայնքներում Նիկոլ Փաշինյանը քննադատեց նախկին իշխանությանը, թե բանակը նրանց օրոք ունեցել է ոչ թե 80-ականների զենքեր, ինչպես հայտարարում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ 60-70-ականների, իսկ այսօր պնդեց՝ դրանք նոր են:
«Մեր զենքերի 70 տոկոսը եղել է մեզ նվիրած զենք։ Մենք փող չենք տվել, դա առել։ Մեզ նվիրած զենք, որն արդեն գործածումից դուրս գալու եզրին ա, կամ էլ գործածությունից դե ֆակտո դուրս է եկել, մի քանի ռեմոնտով կյանքը երկարաձգում ենք»,- ասաց Փաշինյանը:
Մինչդեռ, երկու տարի առաջ, երբ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան իշխանությանը դարձյալ մեղադրում էր 2023 թվականի ադրբեջանական հարձակման ժամանակ հանձնվելու և չկռվելու համար, սպառազինության որակի և ձեռք բերման պայմանների վերաբերյալ այլ պնդում էր անում՝ դժգոհելով, թե այն հանձնվել է Բաքվին:
«Հայաստանի ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը` սարքին, կարգին, յուղած զինամթերքով հանձնեցին Ադրբեջանին»,- հայտարարել էր վարչապետը:
Նոր բանակի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը զրուցարաններից մեկում հավաքված տղամարդկանց այնքան էլ լսելի չէր: Հարցրինք՝ ինչու չեն փորձում մի փոքր առաջանալ և լսել վարչապետին, արձագանքեցին. «Ի՞նչ լսենք է, կես սուտ, կես ճիշտ ա ասում: Իրա հաղթանակն է, հա՞, որ 5000 հոգու տարավ հողը դրեց, դրա համար ա հա՞ հրավիրում զորահանդես»:
Բայց մեկ այլ տղամարդ էլ Նիկոլ Փաշինյանի ելույթից ոչ մի բառ բաց չէր թողում: Բջնիից էր եկել Չարենցավան, որ լսեր վարչապետին:
«Ինքն եկավ, փրկեց մեր ազգին, մեր ժողովրդին` 18 թվից մինչև հիմա: 98 թվից մինչև 18 թիվը մենք վախի մեջ ենք ապրում»,- ասում է Բջնիից եկած տղամարդը:
Ինչ է փոխվել Հայաստանում 2018 թվականից հետո, սա այն հիմնական հարցն է, որին գրեթե բոլոր ելույթներում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պատասխանները լսել, բայց աչքի տեսածին է հավատում մեկ այլ տղամարդ, ասաց.- «Էրեկվանից սաղ ճամփեքը փակ, կանգնած, լրիվ հսկում են, որ հանկարծ ավելորդ շարժում չլինի։ Էսքան ռեսուրսն օգտագործո՞ւմ են։ Չի կարելի, չէ՞: Ինքը մինչև էդ իրան ճղում էր ամբիոնի վրից, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, ցույց էր տալիս, որ տեսեք՝ Նորվեգիայում սենց է, մյուս երկրներում՝ սենց...ինքը քանի՞ տիպի ջիպերով է գալիս»,- հարցնում է տղամարդը:
Վարչապետի այցին զուգահեռ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել չարենցավանցի Գևորգ Հակոբյանին: Նա ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ այս մարզում փորձել էր ակիցա անել, դրանից հետո վարչապետի այցերին զուգահեռ իրավապահները Հակոբյանին մի քանի ժամով զրկում են ազատությունից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետի այցի օրը չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու իր ընկերները դարձյալ մի քանի ժամ իրավապահների հետ են անցկացնելԻսկ վարչապետի մարզային այցն այսօր չանցավ առանց հյուրասիրության: ՔՊ-ական Սասուն Միքայելյանի թաղամասում Փաշինյանի այցից առաջ արդեն պատրաստություն էին տեսնում: Այստեղ ելույթն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն արդեն սեղանի շուրջ էին: Այս պահին սպասում էր հատկապես Անդրանիկ Քոչարյանը. «Ժամը մեկին իմ աչքերը սևանում են սոված»,- ասում է Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանը սնվելուն զուգահեռ հետաքրքրվում էր՝ ինչպես այս թաղամասում արված աշխատանքներով, այնպես էլ գառի մսի ծագմամբ և հոգևոր հարցերով: