«Մենք չենք ապրում». անհետ կորածների հարազատները նոր կառույց են ստեղծել

Անհետ կորածների հարազատները կառավարության շենքի դիմաց, արխիվ

Անհետ կորածների ծնողներն ու հարազատները ստեղծել են Անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիան:

Նորաստեղծ ասոցիացիայի հիմնադիրներից են Ասիա Դանիելյանը, որի որդին անհետացել է 44-օրյա պատերազմում, Գոռ Մուրադյանը, որ վեց տարի է՝ փնտրում է եղբոր որդուն: Հույս ունեն, որ իրենց հիմնադրած ասոցիացիայում համախմբվելով՝ ավելի արդյունավետ կպայքարեն, առանձին քայլերի հնարավորություն կունենան, միջազգային կառույցների կկարողանան դիմել:

Անհետ կորածների ծնողների ու հարազատների համահայկական ասոցիացիան զբաղվելու է բոլոր պատերազմներում անհետ կորածների հարցերով՝ Արցախյան առաջին պատերազմից մինչև վերջինը: Հիմնադիր կազմում է նաև 90-ականներից հորը սպասող Արամ Չանախչյանը:

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը մոտ 200 անհետ կորածի մասին է նշում, առաջին պատերազմից՝ 900-ի: Բաքուն մոտ 4000 անհետ կորածի մասին է խոսում, նրանք, ըստ Ադրբեջանի իշխանությունների, անհետ կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմում:

«Սրանք ուղղակի թվեր չեն, նրանք մարդիկ են, ընտանիքներ են, սպասում են տարիներ», - ասաց Ասիա Դանիելյանը:

Նորաստեղծ կառույցը այս ընտանիքների սոցիալական խնդիրներով էլ է զբաղվելու. կան, որ կերակրողից են զրկվել, ծանր վիճակում են ու աջակցություն չեն ստանում: Հատկապես ծանր վիճակում են ամեն ինչ կորցրած արցախիցները, ասում է Իննա Աբրահամյանը, որ այս կազմակերպությունում հարազատներին ու որդիներին փնտրող արցախցիների ներկայացուցիչն է:

Իննա Աբրահամյանն էլ իր որդուն է փնտրում, որ հիմա 26 տարեկան է, Ստեփանակերտի բենզինի հերթի մեջ է եղել ու պայթյունից հետո չկա. «Մենք բոլորս ԴՆԹ ենք հանձնել, ոչ մի նորություն չունենք: Էդ տարածքը զննել են թե՛ մեր փրկարարները, թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ Ադրբեջանի փրկարարները, աշխատել են, ինչ-որ գտել են՝ գտել են, բայց 22 հոգուց ընդհանրապես ոչ մի բան չկա, թեկուզ իր, ինչը մեզ հույս է տալիս, որ իրենք ողջ են, ուղղակի գերության մեջ են»:

Արմինե Առաքելյանը վեց տարի է՝ որդուն է փնտրում՝ ժամկետային Էդգար Առաքելյանին. 44-օրյա պատերազմը սկսվելուց օրեր անց Վայքից Ջաբրայիլ են տարել Էդգարին, ու մայրը մինչ օրս լուր չունի. «Մենք չենք ապրում»:

Նա անհետ կորածների հարազատների հետ վեց տարի շարունակ պետական մարմինների դռներն է թակում, պայքարում, որ քայլեր անեն ու կորած երեխաների, հարազատների մասին տեղեկություններ հայտնեն: Ոչ մի հստակ տեղեկություն:

Երեք տարի է՝ անորոշությունից տանջվում են Լուսինե Էմիրյանի երեխաները: Արցախից բռնի Հայաստան են տեղափոխվել առանց հոր: Ադրբեջանցիների հարձակման օրը դիրքերում է եղել ու այդ օրվանից նրանից հստակ լուր չունեն:

Հորեղբայրն էլ է անհետ կորած, ապաստարաններում պատսպարված արցախցիների հացի հետևից է գնացել ու չի վերադարձել. «Վերջապես մենք ուզում ենք ստանալ մեզ ամենահուզող, ամենակարևոր հարցը՝ որտե՞ղ են մեր երեխաները»:

Անորոշությունից տառապող այս մարդիկ հույս ունեն, որ այս կառույցում համախմբվելով կկարողանան մի արդյունքի հասնել:

Վերջին անգամ կառավարության մոտ ակցիա էին անում հուլիսի 20-ին ու որոշել էին հասնել հայ-ադրբեջանական սահման ու ուղիղ դիմել ադրբեջանցիներին: Դրանից հետո հանդիպել են ԱԱԾ տնօրենին, իրենց հորդորել է սպասել կողմերի բանակցություններին: Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են անցած տարի՝ հունիսին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Գնալու ենք Հակարիի կամուրջ». անհետ կորածների հարազատները կառավարությունից պատասխան են պահանջում«Վեց տարի երեխայիս չեմ տեսել». անհայտ կորածների ծնողները պահանջում են նոր տեղեկություններԳերիներին վերադարձնելը հնարավոր կլինի միայն քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում. իրավապաշտպան«Մեր ձայնը չի կտրվի». անհետ կորածների հարազատները պահանջում են ազատ արձակել բախտակցին