Մեքսիկայում ռազմական գործողության ժամանակ սպանվել է թրմաբարոն Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը, որը հայտնի է նաև որպես «Էլ Մենչո»: Նա խոշորագույն նարկոկարտելներից մեկի ղեկավարն է։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում։
Գործողությունը տեղի է ունեցել Խալիսկո նահանգի արևմտյան Տապալպա քաղաքում: Հաղորդվում է, որ գործողությանը դիմադրել են, ինչի հետևանքով տեղում մահացել է չորս մարդ, իսկ երեքը՝ ծանր վիրավորվել, այդ թվում՝ Էլ Մենչոն, ով մահացել է հիվանդանոց տեղափոխման ժամանակ:
Վիրավորվել են նաև երեք զինվորականներ:
CBS News-ի տվյալներով՝ ռազմական գործողությունից հետո անկարգություններ են սկսվել մի քանի նահանգներում, այդ թվում՝ Խալիսկոյում: Նարկոկարտելի անդամները մեքենաներ են այրել և ճանապարհներ փակել. այս մարտավարությունը հաճախ օգտագործվում է ռազմական գործողությունները խոչընդոտելու համար: Խալիսկոյի նահանգապետը արտակարգ դրություն է հայտարարել և կոչ է արել բնակիչներին մնալ տանը, մինչև անվտանգության ուժերը իրավիճակը վերահսկողության տակ չվերցնեն:
PBS-ի տվյալներով՝ Խալիսկոյի «Նոր սերունդ» թմրավաճառական կարտելը Մեքսիկայի ամենաազդեցիկ և ամենաարագ զարգացող հանցավոր կազմակերպություններից մեկն է և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Կարտելը կազմակերպել էր հարձակումներ զինվորական անձնակազմի, այդ թվում՝ ուղղաթիռների վրա, ինչպես նաև սկսել էր օգտագործել անօդաչու թռչող սարքեր և տեղադրել ականներ։
2020 թվականին Մեխիկո քաղաքի կենտրոնում կարտելի անդամները փորձել են սպանել մայրաքաղաքի ոստիկանապետին, որն այժմ անվտանգության նախարարն է։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն Էլ Մենչոյին անվանել է «ամենաարյունարբու և անողոք թմրավաճառներից» մեկը։ «Սա մեծ իրադարձություն է Մեքսիկայի, Միացյալ Նահանգների, Լատինական Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար։ Բարի մարդիկ ավելի ուժեղ են, քան չարը», - գրել է նա։
Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ։