Մեկնարկեց Էջմիածնի նախկին քաղաքապետին ու նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործով դատը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին ու նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործով առաջին դատական նիստը:

37-ամյա նախկին քաղաքապետից բացի՝ մեղադրյալի աթոռին են նրա ամուսինն ու սկեսրայրը: Բոլորն էլ ազատության մեջ են:

Դիանա Գասպարյանը թեև խոստացել էր, որ տոներից հետո հանգամանալից կանդրադառնա քրեական գործին, այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել: Ասաց՝ մամուլի ասուլիս կկազմակերպի և կանդրադառնա գործին առնչվող հարցերին:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Էջմիածնի նախկին քաղաքապետը, նրա ընտանիքի անդամներն ազատության մեջ են, երբ նույն ընթացքում կոռուպցիոն գործերով անցնող ընդդիմադիրները կալանավորված են, Գասպարյանը պատասխանեց. «Ամեն դեպքում իմ նկատմամբ կանխակալ կամ դրական վերաբերմունք, հովանավորչական չկա, իսկ թե ինչու կալանք չի եղել, արդեն նախաքննական մարմինը պետք է պատասխանի»:

Դիանա Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ մեղադրանքը քաղաքի հողերի օտարմանն է առնչվում, ինչի շրջանակում էլ նրանք, ըստ իրավապահների, փողեր են լվացել: Քրեական գործը երկու հոդվածով է՝ փողերի լվացում և պաշտոնեական դիրքի չարաշահում:

Քննիչները եզրակացրել են, որ Գասպարյանի ընտանիքի անդամներն օժանդակել են նրա հանցավոր արարքներին. 7 տարի Էջմիածինը ղեկավարած Գասպարյանն ու նրա թիմը կազմակերպել են քաղաքի հողամասերի վաճառքը իր իսկ ընտանիքի անդամներին:

Թարմացում՝ 15:14

Նիստը հետաձգվեց մեղադրյալներից մեկի պաշտպանի բացակայության պատճառով: