19-ամյա երիտասարդն, իր բնորոշմամբ, փորձել էր «նվաստացնել» դիմացի մեքենայի վարորդին՝ մեծ արագությամբ առաջ անցնելով նրանից, բայց բախվել է երթուղային ավտոբուսին: Երեք մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:
Երևանում խոշոր ավտովթարի ենթադրյալ պատճառ դարձած այս վարորդի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել: Դեպքից հետո նա գնացել տուն ու նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ քմծիծաղով հետևում է իր մասնակցությամբ վթարի մասին պատմող Գագիկ Շամշյանի ռեպորտաժին։
Թեև ոստիկանությունը Քննչական կոմիտե հենց նույն օրը՝ ապրիլի 23-ին ու նաև երեկ էր հաղորդում ներկայացրել, կոմիտեում էլ կրկին նույն օրը քրեական վարույթ էր հարուցվել, այդուհանդերձ երիտասարդը ձերբակալվեց դեպքից միայն 14 օր անց՝ այսօր, այն բանից հետո, երբ իր իսկ նկարահանած տեսանյութը մաս-մաս սկսեց տարածվել համացանցում ու մեծ աղմուկ բարձրացավ:
Այսօր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել միանգամից երեք հոդվածով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, խուլիգանության և առանց իրավունքի տրանսպորտային միջոց վարելու համար: Այս հոդվածներով առավելագույն պատիժը՝ մինչև 5 տարի ազատազրկումն է:
Վթարից հետո նկարահանած տեսանյութում երիտասարդը մեկումեջ նաև ընդունում էր իր սխալը, բայց հետո՝ հպարտանում, որ միայն ինքը կարող էր նեղ հատվածները ճեղքելով վարել:
Շուրջ 28 հազար հետևորդ ունեցող յութուբյան ալիքում 19-ամյա վարորդը նկարահանում է տարբեր մեքենաներ՝ պատմելով դրանց հզորության մասին, և պարբերաբար դրանք վարում նաև մեծ արագությամբ։ Վերջին մեկ օրվա ընթացքում նրա էջի հետևորդների թիվը ավելացել է շուրջ 1500-ով, իսկ հրապարակված 25 տեսանյութերից 18-ը այսօր արդեն հեռացված էր:
Այս 14 օրերի ընթացքում Քննչական կոմիտեն երիտասարդի նկատմամբ խափանման որևէ միջոց չէր ընտրել, գործը գտնվում էր նախաքննության փուլում, նշանակվել էր փորձաքննություն։ Համացանցի օգտատերերին, սակայն, հիմնականում հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է նա ազատության մեջ։
Այս վթարից հետո սոցիալական ցանցերում և Երևանի փողոցներում հարցում արեցինք, պարզելու, թե ի՞նչ վիճակում է մայրաքաղաքում երթևեկությունը։ Ֆեյսբուքյան օգտատերերը գրեթե միաձայն նշել են հիմնական խնդիրները՝ առանց ամրագոտու մեքենա վարելը, իրար չզիջելը, առանց ամրագոտու կամ հատուկ նստատեղի երեխաների տեղափոխումը, հեռախոսը ձեռքին մեքենա վարելը, արագության գերազանցումը և այլն։ Երևանի բանուկ հատվածներում մեզ հանդիպած քաղաքացիների պատասխանները շատ չէին տարբերվում, բայց նրանք նաև պատճառներն էին նշում:
«Հիմնականում անգրագետ են, երթևեկության կանոններին չեն տիրապետում», - ասաց հարցվածներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց. «Մեր ճանապարհները նեղ են, քանդած են, որ էդ քանդած ճանապարհները վերանորոգեն, հաստատ մեկը մյուսին չեն խանգարի, էս փոսից փախցնում ես՝ էն փոսն է, էն փոսից փախցնում ես՝ էն փոսն է»:
2025-ին արձանագրվել է վերջին հինգ տարիների վթարների ամենաբարձր ցուցանիշը
Վերջին հինգ տարիների վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականը Հայաստանում եղել է ամենաանհանգիստ ժամանակահատվածը ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով. արձանագրվել է ռեկորդային՝ 4784 դեպք։ Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ բոլոր տարիների, այդ թվում՝ 2023 թվականի բարձր ցուցանիշները։ Պատահարների աճին զուգահեռ՝ 2025-ին կտրուկ ավելացել է նաև վիրավորների թիվը՝ հասնելով 7073-ի, ինչը շուրջ 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա տվյալները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանում ՃՏՊ-ներից մահացության ցուցանիշը մնում է բարձր. պատճառները տարբեր են, լուծումները՝ անհայտՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր վերջին ասուլիսում, անդրադառնալով այս խնդրին, նշել էր, թե Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն արդեն հասնում է մեկ միլիոնի, ըստ նրա՝ սրան զուգահեռ նաև պատահարների թիվն է աճել: Ու թեև 2025-ին արձանագրվել է վերջին հինգ տարիների վթարների ամենաբարձր ցուցանիշը, նախարարի խոսքով՝ նվազել են մահվան ելքով դեպքերը՝ հասնելով հնգամյակի նվազագույն շեմին։
«Չնայած այսչափ տրանսպորտային պարկի առկայությանը Հայաստանի Հանրապետությունում, մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքներով զոհերի թվի նվազում: Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համեմատությամբ: Եթե վերլուծենք 24 և 25 թվականների կտրվածքով պարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին: Այս առումով, բնականաբար, դեռ մեծ աշխատանք ունենք տանելու», - ասաց Արփինե Սարգսյանը:
Ներքին գործերի նախարարի խոսքով՝ պարեկներն ամեն տարի ավելի խիստ վերահսկողության տակ են պահում երթևեկությունը։ Վարորդներին հարցրեցինք՝ նկատո՞ւմ են այդ խստացումները:
«Ես տենց չեմ տեսնում, որ հսկողությունն ավելի ուժեղ է», - ասաց վարորդներից մեկը:
«20 թվականից այս կողմ բավականին խիստ է, ամեն մի փոքր բանի համար կարող են արձանագրել և այլն», - նշեց մեկ այլ քաղաքացի:
Իսկ կարգազանց վարորդի ճակատագիրը առաջիկա ժամերին պարզ կդառնա: Դատարանը պետք է որոշի նրա խափանման միջոցը, քննիչը միջնորդել է, որ կալանավորեն:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայն անցած տարի Հայաստանի ճանապարհներին վթարների հետևանքով մահացել է 283, իսկ վերջին հինգ տարիներին՝ 1683 մարդ։