Մեկ տարեկան փոքրիկին մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել

Արխիվային լուսանկար

Մեկ տարեկան փոքրիկին մեկուկես ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։ Գլխավոր դատախազությունն է այսօր տեղեկացրել, որ այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երեխայի հոր երկրորդ կինն է մեղադրյալը։ Ձերբակալվել էր, դատարանն այսօր նրան կալանավորելու հարցն է քննելու։

Փոքրիկ տղան՝ Ալեքսը, այժմ «Արաբկիր» բուժկենտրոնում է, վերակենդանացման բաժնում:

«Գիշերվա ժամը 3-ին-4-ին զանգում են տղայիս՝ «արի, էրեխեն տաքության մեջ վառվում ա», ասեցի՝ «չգնաս, գլուխդ կուտեն, չգնաս»: Բայց տղաս գնաց առավոտը, գնա տենա, ասում ա՝ ի՞նչ տաքություն, ի՞նչ բան, ընդեղ էրեխա չկա, ընդեղ էրեխա չկա, ու ես էլ չեմ տեսել, նենց են ջնջխել երեխուն, ասում ա, էրեխա չկա՝ ոտերը ջարդած, թևերը ջարդած, ընդեղ էրեխա չկա», - «Ազատությանը» պատմեց փոքրիկի մորական տատիկը:

Տարեց կինը, որ արդեն խճճվել է դստեր չորս երեխաների ծագման պատմությունների մեջ, պնդում է՝ տանը, որտեղ ողբերգությունն է եղել, երեխան ոչ մի արյունակից էլ չի ունեցել: Պաշտոնական հաղորդագրություններում «հայր» անվանվողը երեխայի կենսաբանական հայրը չէ, այդ տղամարդը իր մյուս թոռան՝ հնգամյա աղջնակի հայրն է։

Նախկին ամուսնու ու նրա զուգընկերուհու խնամքին է մայրը թողել փոքրիկին, որ վարձով տուն ճարի։ Կնոջ պատմելով՝ այդ տանն արտառոց բարքեր են եղել, իր դուստրն էլ հայտնվել է այդ բարքերի ցանցում. - «Հազար հատ կնիկ ունի, հազար հատ բիջ ունի, չգիտես որը որից ա։ Ասում էր՝ «մամա, պտի փախնեմ, էրեխուն բերեմ, պտի փախնեմ, էրեխուն բերեմ», ասեց՝ «հենա փախել եմ ու էլ չեմ գնալու»։ Էրեխուն թողել ա նույնիսկ բալես, վախից փախել ա»։

Փոքրիկի մոր հետ «Ազատություն»-ը ողբերգության օրն էր խոսել։ Ասել էր՝ այդ զուգընկերուհին իր ընկերուհին է, չի հավատում, որ այդպիսի բան եղած լինի։ Գուցե ուրիշն է արել, ասում էր։ Ընդամենը մեկ տարեկան ու երկու ամսական երեխային ուրիշների մոտ թողնելը բացատրում էր կացարան փնտրելու ցանկությամբ։

26-ամյա այս կնոջ չորս երեխաներից երկուսը խնամքի հաստատությունում են, հնգամյա աղջնակը մինչև երեկ տարեց տատիկների խնամքին էր. - «Էտ ա, էկան էրեխին տարան, էլի»: Երեկ լրատվամիջոցների ահազանգից հետո սոցիալական ծառայողներն են եկել ու խնամքի կենտրոն տարել աղջնակին։ Այս տանը նա տատիկի, մեծ տատիկի ու մորեղբոր հետ էր ապրում։

Տարեց կանայք ծանր են տանում երեխայի բացակայությունը, բայց հասկանում են՝ այս փուլում ավելի լավ է աղջնակը հեռու մնա այս իրադարձություններից։ Անընդհատ տագնապ ունեն, որ իրենց ձևակերպմամբ՝ այդ տան վատ շրջապատից կփորձեն վնասել իրենց.

«Հրեշներից մեզ փրկեք, առաջին հերթին իմ էրեխեքին փրկեք, հետո մեզ փրկեք, որ ոչ իմ էրեխեքին վնաս տան, ոչ էլ մեզ վնաս տան էդ հրեշները»։

«Մենք հիմա դրանցից վախենում ենք, կարող ա գան սաղիս փորերը գյուլլա լցեն, էթան»։

Իրավապահները դեռ ոչինչ չեն ասել՝ մեկամյա փոքրիկին մահվան դուռը հասցնող կինը օժանդակողներ ունեցե՞լ է, այդ նախկին ամուսինները դաժանության հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ։

Տարեց կանայք անընդհատ փոքրիկի առողջական վիճակի մասին են հարցնում։ Առողջապահության նախարարն այսօր հայտարարել էր՝ դրական տեղաշարժ կա։ «Արաբկիր» բուժկենտրոնից, սակայն, առավոտյան ասել էին՝ վիճակը նույնն է՝ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

«Իսկ տեղյակ ե՞ք էրեխուց ինչ նորություն կա». - երեխայի մայրն էլ «Ազատությանն» էր հարցնում՝ ինչպե՞ս է երեխան։ Նա նաև դեռ չգիտեր, որ մյուս երեխային՝ հնգամյա աղջնակին, խնամքի կենտրոն են տարել. - «Ես չգիտեմ։ Անկեղծ՝ չգիտեմ»։

Իսկ տարեց տատիկները, որ այս օրերին անընդհատ անցանկալի այցելուների են բախվում, հասցրել են տունը կարգի բերել, մաքրել, դասավորել, որքան կարողացել են, որ եթե պետությունից մարդ գա, համոզեն՝ երբ այս դեպքերը մարեն, իրենք ի վիճակի են լավ խնամել աղջնակին։ Տանը դեղձանիկ կա, խոստանում են երկու լոր, մի սև կաքավ բերել, ուրախացնել նրան, երբ տուն գա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

1 տարեկան երեխային փորձել են ծեծելով սպանել. հոր երկրորդ կնոջը կալանավորելու միջնորդություն կա Պայքար մահվան շեմին հասցված փոքրիկի կյանքի համար. խորթ մորը մեղադրանք կառաջադրվի«Արաբկիր» ԲԿ տեղափոխված մեկամյա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում1 տարեկան 2 ամսական երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բ/կ է տեղափոխվել