Անցած գիշեր ռուսական զորքերը հրետանուց հարված են հասցրել Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքին, վնասվել են բազմաբնակարան շենք և գազատար: Այս մասին հաղորդել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:
Նիկոպոլի շրջանում հարձակման հետևանքով տուժել են ենթակառուցվածքային օբյեկտ, մասնավոր տներ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ:
Կիևի վրա երեկվա ռուսական հարձակումից հետո առանց ջեռուցման է մնում 1676 բազմաբնակարան շենք, հաղորդել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ըստ նրա՝ հունվարի 24-ի հարձակումն առանց ջեռուցման է թողել գրեթե 6 հազար տուն, որոնց մեծ մասն արդեն երկու անգամ միացրել կամ փորձել էին միացնել ջերմամատակարարմանը հունվարի 9-ի և 20-ի հարձակումներից հետո:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը ռուսական զորքերը երկրի վրա արձակել են 102 անօդաչու թռչող սարք և երկու հրթիռ: 87 անօդաչու չեզոքացվել է, 15 դրոններ հարվածներ են հասցրել 10 վայրերում, մեկ վայրում էլ անօդաչուներ են ընկել:
Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը երկրի վրա արձակել են ավելի քան 1700 հարվածային անօդաչու թռչող սարք, 1380-ից ավելի կառավարվող ավիառումբ և տարբեր տիպի 69 հրթիռ: «Գլխավոր թիրախները, ուր Ռուսաստանն այժմ հարվածում է, մեր էներգետիկան է, կարևորագույն ենթակառուցվածքը, բնակելի տները», - իր տելեգրամյան ալիքում գրել է Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով Ուկրաինային հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարման կարևորությունը: