«Մեկ սերտիֆիկատ՝ մի քանի ընտանիքի». տեղահանվածների ընտանիքը վերանայում է պահանջում

Տեղահանված Խաչատրյանների ընտանիքը 24 տարի անց վերադարձել է Գյումրի՝ այնտեղ, որտեղից Լեռնային Ղարաբաղ էին տեղափոխվել: Ընտանիքի դստեր՝ Անի Հայրապետյանի նորաստեղծ ընտանիքը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում էր բնակվում, 2020 թվականին՝ քաղաքի գրավումից հետո, հայրական տուն է վերադարձել՝ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ:

23 թվականին՝ ադրբեջանական հարձակումից հետո, արդեն ծնողների ու համագյուղացիների հետ են տեղահանվել: Թեև երիտասարդ ընտանիքը փաստաթղթեր ունի ձեռքին, որ 23-ին են դուրս եկել Արցախից, բայց բնակապահովման ծրագրում ընդգրկվել են ոչ թե ընտանիքի անդամների քանակով փոխհատուցման ծրագրով, այլ բոլորին մեկ՝ 10 մլն դրամ արժողությամբ վկայական է տրամադրվել: Կառավարության առաջարկած այս 10 միլիոնի ծրագիրը վերաբերում է 20 թվականին պատերազմի ընթացքում Ադրբեջանի գրաված տարածքներից տեղահանվածներին:

Անին ասում է՝ իրենց դեպքում ստացվում է, որ 10 մլն դրամանոց վկայականով փաստացի 4 ընտանիք պիտի տուն գնի. «Ես եմ լրացրել, ես, ամուսինս ու բալիկս պատրաստ էինք ընդունել 10 մլն դրամ և գնել մեր տունը: Մենք Գյումրիում նույնպես կարող ենք այդ գումարով փոքրիկ, բայց մեր տունը ունենալ: Բայց մենք ի՞նչ մտածեինք, որ սերտիֆիկատը կգա կիսուրիս անվամբ, և բոլոր անդամները ներսում կլինեին: Եվ այդպես մնացինք փակուղու առջև»:

Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը 10 մլն դրամով բնակարան ձեռք բերի, մյուսները կզրկվեն տուն գնելու հնարավորությունից:

«Մեզանից որևէ մեկը, ով օգտվի այս սերտիֆիկատից, մնացած անդամները մնում են առանց բնակարանի: Հիմա տվել են 10 մլն դրամ սերտիֆիկատ. որի մեջ մտնում է մեր ընտանիքը՝ իր 4 անդամներով, 2-րդ տեգրոջս ընտանիքը՝ իր 5 անդամով՝ 3 անչափահաս երեխա, կին, ամուսին, մյուս տեգրս, սկեսրայրս, սկեսուրս», - նշում է Անի Հայրապետյանը:

Պետական մարմիններին հարցնում է՝ եթե մարդը դիմումը չի լրացրել, առանց նրա կարծիքը հարցնելու ինչո՞ւ են 10 մլն դրամանոց վկայականի ծրագրում ներառել. «Այս չարաբաստիկ սերտիֆիկատը կոչվում է առանձին շրջաններից տեղահանվածների սերտիֆիկատ, այդ կետով բոլորս զրկված ենք ամեն ինչից»:

Արդեն 2 տարի է՝ Անին տարբեր դռներ է թակում, սակայն առայժմ ապարդյուն: Փակուղու առաջ հայտնված ընտանիքը ակնկալում է, որ կառավարությունը կվերանայի կրկնակի տեղահանվածների վկայականների տրամադրման կարգը ու իրենց պես խնդրի առաջ կանգնած ընտանիքներին անձերի քանակով բնակարանի ձեռք բերման փոխհատուցում կտրամադրվի:

«Հիմա պայքարում ենք, որ եթե մենք պետք է օգտվենք այս սերտիֆիկատից, գոնե մեր տան անդամները, քանի որ դիմում չեն էլ լրացրել ընդհանրապես, օգտվեն իրենց իրավունքից՝ 23թ. սերտիֆիկատից», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զոհ ունեցող տեղահանված արցախցի ութ տասնյակ ընտանիքներ՝ անելանելի դրության մեջ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փոխվարչապետ. Արցախցիներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը նպատակից շեղվել էր

Այս հարցը նաև վերջերս արցախցիների հետ վարչապետի ու կառավարության անդամների հանդիպմանը բարձրաձայնվեց: Արցախցիները որոշման վերանայում են ակնկալում: Հանդիպման մասնակից տեղահանվածները փաստեցին, որ 10 մլն դրամով տուն գնել հնարավոր չէ: Սոցապնախարար Արսեն Թորոսյանը թվերով հակադարձեց:

«Մենք տվել ենք 3 հազար 947 սերտիֆիկատ, որից 3715-ը իրացվել է՝ ըստ էության ճնշող մեծամասնությունը, և չի իրացվել 232 սերտիֆիկատ ընդամենը, և մենք որոշումներ կայացնելուց չենք կարող այս հանգամանքը հաշվի չառնել», - ասել էր նախարարը:

Նա օրինակ էր բերել՝ կառավարության վերջին նիստում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին տրամադրվող բնակապահովման մյուս ծրագրով մի շարք բնակավայրերում մեկ անձին տրամադրվող փոխհատուցման չափը՝ 3 մլն դրամը 4 մլն դարձրեց, ու այն տարածվեց նաև արդեն բնակարան ձեռք բերած ընտանիքների վրա: Ձայն

Կառավարության այդ օրվա նիստում էլ վարչապետը բնակապահովման ծրագրի այս փոփոխության մասին խոսելիս հայտարարեց, թե խաղաղությունը կա, մնում է պանդուխտի հոգեբանությունից դուրս գալ. «Խաղաղվել նշանակում է տնավորվել, բոխչաները քանդել և դասավորել պահարաններում»:

Պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականին մեկնարկած երկրորդ ծրագրով 2 հազար 336 ընտանիք բոխչան քանդել ու նոր տուն է տեղափոխվել: 2 հազար 896 արցախցի ընտանիք դեռ վկայականները ձեռքներին տան փնտրտուքի մեջ է, հիմնական խնդիրը, արցախցիների խոսքով, գումարն է, բնակարաններն ավելի թանկ են, քան իրենց տրամադրվող գումարը: 2023-ի սեպտեմբերին՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո, Արցախից ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել: