Երևանում երթևեկությունն անտանելի է դարձել, խցանումներն ամենուր ու ամեն ժամի են, անկանխատեսելի է, էլ պիկ ժամեր գրեթե չկան, ձյուն ու անձրև էլ պետք չէ, որ երթևեկությունը կաթվածահար լինի:
Մայրաքաղաքում ուղղակի քաոս է, դժգոհում են Երևանի բնակիչները, որ աշխատանքի են հասնում խցանված ճանապարհներին նյարդերը քայքայած։
«Ահավոր խցանումներ են, ասենք, Բանգլադեշից հասնում են Մասիվ 2 ժամից ոչ պակաս, նորմա՞լ է», - ասաց բնակիչներից մեկը։
Երևանի բնակիչները 10, 20 րոպեի, կես ժամվա ճանապարհը հաղթահարում են ժամերով, և սա միայն առավոտվա կամ երեկոյան պիկ ժամերին չէ, ոչ էլ միայն Կենտրոն տանող պողոտաներին։ Օրինակ՝ Կիևյան փողոցը դեպի Բարեկամություն խցանված է գրեթե միշտ, առավոտյան 10-ին ու 11-ին էլ այստեղ երթևեկությունը ծանրաբեռնված է։
«Երևանը դարձել է շատ նյարդային քաղաք ապրելու համար», - նշեց մեկ այլ բնակիչ։
Օրեցօր խցանվող ճանապարհներից ելք կա, եթե կառավարությունն ու քաղաքապետարանը կամք ունենան, կարծում են մեզ հանդիպած բնակիչները, թունելներ ու էստակադաներ պետք է կառուցեն, ճանապարհների փոսերը պետք է լցնեն։ Ծանրաբեռնված Երևանում նոր բազմահարկ շենքեր չպետք է կառուցեն, առաջարկում են քաղաքացիները։
Երևանյան խցանումների մասին ի՞նչ են մտածում կառավարությունն ու քաղաքապետարանը
«Ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անչափ չի, էլի, չափ ունի ցանկացած փողոց, և մենք պետք է հասկանանք, որ էս իրավիճակը ստեղծվում է նրանով.... մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք և հասկանանք, որ այդ մեքենան գալիս է, մտնում է այդ նույն փողոցը», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև, օրինակի համար, վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած մարդը գնում է և կանգնում է խաչմերուկի մեջտեղում, և դա էական մեծ դեր ունի, այսինքն՝ մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք», - նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վարչապետն ու քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկվա նիստում պատճառներից էին խոսում ու հնարավոր լուծումներից։ Նրանք պատճառներ էին փնտրում իրենց կառավարումից դուրս, իսկ հարցը մեղմելու վերաբերյալ Փաշինյանը նորից հիշեց իրենց կառավարության մասշտաբային ծրագրի մասին։
«Մետրոյի մեր ծրագրերի հետ կապված, ընդ որում, սա շատ խոշոր նախագիծ է Հայաստանի համար, եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել, և սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ էդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա», - ընդգծեց Փաշինյանը:
«Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար», - նշեց քաղաքապետը։
Ավինյանն էլ հիշեցրեց սպասվող 45 տրոլեյբուսների մասին, որ մայիսի կեսերին կհասնեն Երևան:
Մանուկ Սուքիասյանը իշխանությանն է մեղադրում ստեղծված իրավիճակի համար
Եթե Փաշինյանի իշխանություն ուզում է խնդիրն իսկապես լուծել, թող քաղաքապետարանը դադարեցնի շինթույլտվությունները։ Իրենց նշած այդ ավտոմեքենաները ավելացել են, որովհետև բնակչության թիվն է ավելացել՝ ծանրաբեռնված Երևանում չդադարող շինթույլտվությունների պատճառով, ասում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյան. «Վերջին 5 տարում տրվել է 17000 և վերջին 6 տարում 21000 մեծ և փոքր շինթույլտվություն»։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը իշխանությանն է մեղադրում ստեղծված իրավիճակի համար։ Քաղաքապետարանի լուծումները շղթայական նոր խնդիրներ են առաջ բերում, քննադատում է Սուքիասյանը։
«Քաղաքի բնակչությունը, ըստ նույն Ավինյանի, շուտով կմոտենա մեկ միլիոն 200 հազարի։ Եթե պիտի մարդատար մեքենաները, որ Կենտրոնից հեռացնես քո քաղաքականության արդյունքում, բայց, դա էլ լցնես ավտոբուսները, մեկա էլի խցանում է լինելու, որովհետև, եթե քաղաքի կենտրոնը նախատեսված չէ 1 միլիոն 200 հազար բնակչության համար, և մարդուն չես կարող արգելել կենտրոնով անցնել կամ կենտրոնում իր գործերով, չգիտեմ, հյուր գնալ, հանդիպումներ ունենալ, ժամանակ անցկացնել։ Այսինքն՝ դրանք լուծում չեն, լուծումը առաջին հերթին էս խելահեղ տեմպերով կառուցապատման սահմանափակումն է, վերանայումն է», - նշեց Մանուկ Սուքիասյանը։
Որ Երևանում կենտրոնը բեռնաթափվի, քաղաքապետարանը բարձրացրեց կարմիր գծերի վճարները, դասերի ժամը փոխեցին, հանրային տրանսպորտի գծերը առանձնացրին, բայց չօգնեց, ասում են բնակիչները, իրավիճակն, ըստ նրանց, փոքր-ինչ մեղմվում է, երբ աշխատանքային ժամերի ավարտից հետո ճանապարհային ոստիկաններն են փորձում կարգավորել երթևեկությունը։