Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հաջիևի հայտարարությունները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը և Դադիվանքը աղվանական եկեղեցիներ ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ նախօրեին այցելել էր Գանձասարի վանական համալիր, պնդելով, որ այն ոչ թե հայկական, այլ աղվանական է: Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև ծաղրել է հայերին:

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում դիվանագետներին պատմում էր, թե հայերը այստեղ հին գրքերի ցուցադրություն են կազմակերպել: Ապա բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարկ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

Մայր Աթոռը հայտարարում է՝ «այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է». «Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ»։

Մայր Աթոռն ընդգծում է՝ «այս քարոզչական այցելությունը» նպատակ ունի «մոլորեցնելու միջազգային հանրությանը»։

«Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ», - ասված է հայտարարությունում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ընդգծում է, որ Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամեն ջանք գործի դնել՝ կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը. «Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է»։