Մայր Աթոռը հայտարարությամբ է հանես եկել, որում խստագույնս դատապարտում է «վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես և ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտումներով, հավատացյալների հոգևոր զգացմունքները վիրավորելով ու պառակտում սերմանելով «Պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում»։
«Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) առաջնորդանիստ եկեղեցում», - ասված է հայտարարությունում:
Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ Մայր Աթոռը հորդորում է «կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ»:
Հայտարարությունը բարձրաստիճան հոգևորականներին կոչ է անում «հետևել մեր Սուրբ Եկեղեցու դարերով նվիրագործված ավանդույթներին, գործել բացառապես հոգևոր ասպարեզում և օրինականության ու միասնականության պահպանման բարձր գիտակցությամբ, որը եպիսկոպոսի՝ իբրև առաքելական հաջորդականությամբ օժտված սպասավորի պարտականությունն է, կոչումն ու առաքելությունը»։
Դեկտեմբերի 7-ին՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պետության բարձրագույն ղեկավարության ու Հայ Առաքելական եկեղեցու չորս թեմակալ առաջնորդների մասնակցությամբ պատարագ մատուցեց Արմավիրի թեմի քահանան: