Մայոտ արշիպելագում փոթորիկի զոհերի թիվը հնարավոր է հարյուրների, նույնիսկ հազարների հասնել

Մայոտը փոթորիկից հետո, 15-ը դեկտեմբերի, 2024թ․

Հնդկական օվկիանոսում՝ Կոմորյան կղզիների մոտ և Մադագասկարից մոտավորապես 300 կմ հեռավորության վրա գտնվող ֆրանսիական Մայոտ արշիպելագում երեկվա հզոր փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հնարավոր է մի քանի հարյուրի, նույնիսկ հազարի հասնել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյայի:

Փոթորկի հետևանքով ավերվել են արշիպելագի գրեթե բոլոր խարխուլ տները։ Իշխանությունների տվյալներով՝ նման տներում մոտ 100 հազար մարդ էր բնակվում։ Մտավախություն կա, որ նրանցից շատերը կարող են զոհված լինել։

Ավելի քան 200 կմ/ժ արագությամբ «Չիդո» փոթորիկը հարվածել է Մայոտին՝ վնասելով բնակարաններ, կառավարական շենքեր և հիվանդանոցը: Սա կղզիներին պատուհասած ամենահզոր փոթորիկն է վերջին 90 տարում, հայտնում է Meteo-France-ը։

Նախնական տվյալներով՝ հաղորդվել է 14 մահացածի, 250 վիրավորի մասին։ Նշվում է, որ շատ հատվածների հետ կապ հաստատել չի հաջողվում, կան բազում անհետ կորածներ։ Բացի այդ, զոհերի թվի հաշվարկը դժվարանում է մահացածներին՝ 24 ժամվա ընթացքում թաղելու մուսուլմանական ավանդույթի պատճառով։

Երեկվանից կղզի դեղորայք ու հումանիտար օգնություն է ուղարկվում։ Ֆրանսիան զինվորականներ և փրկարարներ է ուղարկել։

Փարիզից գրեթե 8000 կմ հեռավորության վրա գտնվող Մայոտը զգալիորեն աղքատ է Ֆրանսիայի մյուս հատվածներից և տասնամյակներ շարունակ պայքարել է խմբակային բռնության և սոցիալական անկարգությունների դեմ:

Աղետն առաջին մարտահրավերն է Ֆրանսուա Բայրուի համար, ով օրերս նախագահ Մակրոնի կողմից նշանակվեց երկրի վարչապետ։

Մայոտը Ֆրանսիայի գաղութն է 1843 թվականից։ 1974 թվականի հանրաքվեի ժամանակ արշիպելագի բնակչության 95 տոկոսը կողմ է արտահայտվել բաժանմանը, իսկ 63 տոկոսը քվեարկել է Ֆրանսիայի կազմում մնալու օգտին։ Գրանդ Կոմորը, Անժուանն ու Մոհելին անկախություն են հռչակել 1975 թվականին: Մայոտը դեռևս կառավարվում է Փարիզից: