Մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին:
Գագաթնաժողովին ընդառաջ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:
Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:
«ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն արտացոլում է վերջին տարիներին երկկողմ գործընկերության աննախադեպ դինամիկան: Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին, և «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա, որն ընդունվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի և ԵՄ ընդլյանման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ 2025թ. դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստում: Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի ու ներդրումների ոլորտում», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: