Մասիսում ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպով ձերբակալված չկա

Նախօրեին Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Երեկ «Ուժեղ Հայաստանի» անդամները տեսանյութ էին հրապարակել, որ Մասիսում քարոզարշավի ժամանակ իրենց վրա են հարձակվել ՔՊ-ականները։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից Հրայր Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր՝ վեճը սադրել են ՔՊ-ականները, հարվածողների թվում է եղել Երկրապահ կամավորական միության մասիսի ղեկավար Արսեն Հարությունյանը։

«Դուք էլ եք տեսնում կադրերում, որ մեր քարոզարշավը խոչընդոտվում է, և հենց նախաձեռնողը իրենք են լինում, հարձակվում են, Դավիթին արյունոտ բերել են օֆիս», - ասէլ էր Գևորգյանը։

«Ուժեղ Հայաստանի» անդամներից երկուսին, ըստ Հրայր Գևորգյանի, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մասիսի հիվանդանոց։ Այս միջադեպի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագրից» դեռ որևէ արձագանք չկա։

Քննչական կոմիտեից հայտնում են՝ այս պահի դրությամբ գործով ձերբակալվածներ չկան: