Մաքրուհին պնդում է՝ իրեն աշխատանքից հանիրավի ազատել են, Շենգավիթի թաղապետարանում ծեծել ու հայհոյել

Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը պնդում է՝ փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից: «Ազատությանն» ասաց՝ աշխատավարձը վճարելու պահանջով տեսախցիկը միացրած էր մտել թաղապետարան, որ հետո ապացույցներ ունենար:

Արդեն նախկին հավաքարար Աիդան պնդում է՝ կոմունալ բաժնի պետի ու իր հարաբերությունները լարվել են, երբ Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա է արել ու պահանջել, որ իրենց մուտքի տանիքը նորոգեն: Դրանից հետո, ըստ 44-ամյա կնոջ, աշխատած օրերը չեն լրացրել, հանիրավի մեղադրել են, թե լավ չի աշխատում, աշխատավարձն իջեցրել են, հետո գործից ազատել:

«Տասը օր են ինձի ներկա դրել հունվար ամիսը, 145 հազար աշխատավարձ ստացող մարդը ընդամենը ստացել ա 68 հազար դրամ աշխատավարձ, բայց ես էդ ընթացքում աշխատել եմ, նկարել եմ: Երբ որ ձյուն ա եղել, բնականաբար, ընդամենը վերցրել ենք բաժակներ, ցելաֆոններ, կանֆետի թղթեր, բնականաբար՝ էդ ժամանակահատվածում մենք չեն նկարում, որ, ասենք, ուղարկենք պատասխանատուին: Հունվարի 12-ից սկսել ենք, որ ձյունը սկսել ա հալվելը, սկսել ենք նկարելը, ուղարկելը պատասխանատուին», - «Ազատությանը» պատմեց Մխիթարյանը:

Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե իր ենթակաները հավաքարարին ծեծի են ենթարկել:

«Ես չեմ խրախուսում էդ արարքը, մենք բավականին շատ նաև զրուցել ենք մեր աշխատակիցների հետ», - ասաց Գաբրիելյանը՝ վստահեցնելով, որ նկատողություն՝ բանավոր, արվել է:

«Պարբերաբար եկել ա, հույսը կտրել ա արդեն, որ ստեղ ինքը էլ նորից կաշխատի, և դրա համար դիմել ա էդ միջոցներին: Շատ հաճախ, նաև կա հաղորդում ոստիկանությանը, որ երկու անգամ եկել ա, բնակիչների ներկայությամբ շատ թունդ հայհոյանքներով թաղապետարանում, զանգել ա մեր աշխատակիցներին, հայհոյելով, սպառնալով՝ սենց մարդկանց հասցրել ա էդ վիճակի, էլի», - նշեց Տիգրան Գաբրիելյանը:

Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ բնակիչներից շատ բողոքներ են ստացել, որ աշխատանքը պատշաճ չի կատարում, իրենից պահանջել են Մխիթարյանին հանել գործից. - «Առկա ա տեսանյութեր, ձայնագրություններ, որ ինքը բնակիչների հետ հայհոյանքներով ա խոսում, նորմալ իրա տարածքը չի մաքրում, գարեջուր ա խմում՝ փոխանակ աշխատի: Ու բնակիչների պահանջով, իրանք ասել են, որ մենք պիտի իրան հանենք աշխատանքից, հետո, իհարկե, մենք իրավասություններ չունենք՝ որպես այդպիսին, դրանով հանենք, բայց ինքը հետո բավականին շատ բացականեր ա նաև ունեցել, բացակաների հիմքով ինքը հեռացվել ա աշխատանքից»:

Ոչ մի բնակիչ էլ իրենից դժգոհ չէ, պնդում է Աիդան. - «Բնակիչները ինձանից շատ գոհ են եղել, նույնն էլ իմ կողմից ա բնակիչը հարգանք ու պատիվ տեսել: Բնականաբար, իրանք ինչքան կարողացել են, իմ վրա ցեխ են շպրտել: Ես հերքում եմ էն, որ ես կարամ գարեջուր խմեմ կամ վիճեմ բնակիչների հետ»:

Միջադեպից հետո կինը գնացել է ոստիկանություն, ցույց տվել իր նկարահանած կադրերն ու պնդել, որ իրեն ծեծել են: Ոստիկանությունից ասացին՝ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, այնտեղից էլ փոխանցեցին՝ ուսումնասիրման փուլում է:

Աիդան ասաց, որ Կառավարության շենքի մոտ այսօր նաև մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին է պատմել իր հետ տեղի ունեցածը, նա խոստացել է ճշտումներ անել ու կապվել իր հետ: Մտահոգված է՝ մինչև ուսումնասիրեն, գործին ընթացք տան, երկար կտևի, այդ ընթացքում ինչպե՞ս ապրի, ինքը հաշմանդամություն ունի ու տարեց մոր միակ խնամակալն է:

«Ես ինքս մենակով 11 շենք մաքրել եմ, 11 շենքն էլ հավաքել եմ, բացակա են դրել, ու ես չեմ ստացել: Բայց վերջնահաշվարկ որպես էդպիսին ես ստացել եմ՝ ընդամենը 97 հազար», - ասաց Մխիթարյանը;

Բջջայինն էլ նոր էր ապառիկով վերցրել, քաշքոցների ընթացքում կոտրել են, պնդեց. - «145 հազար թոշակիցս ամեն ամիս հինգ հինգ հազար մուծում եմ տալի: Ինքը տվել ա, նայեք, ճաքել ա, ուզած-չուզած, որպեսզի ավելի շատ չճաքի, բնականաբար, էս պատյանն եմ առել ես իրա համար, ու հիմա ես ապառիկս չեմ էլ փակել, ու հույս էլ չկա, որ ինքը հետո կաշխատի»:

Վարչական շրջանի ղեկավարը պնդում է՝ ոչինչ պարտք չեն Աիդա Մխիթարյանին, ամեն ինչ վճարել են: Աիդան, որ հակառակն է պնդում, դեռ հույս ունի, որ կվերականգնեն իր աշխատանքը կամ գոնե այլ վարչական շրջանում աշխատանքի կընդունեն: