ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետները կասկածի տակ դնելով «Սրբազան պայքարի» դատական գործը մտահոգություն են հայտնում, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, նրանց ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրելը, ազատազրկելը և 2024-ի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն ու տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձակատարի գրասենյակը, ստանալով պաշտպանական կողմի դիմումը, ուսումնասիրել է «Սրբազան պայքարի» գործն ու ընդգծել՝ 2024 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովի հարակից տարածքում ուժի գործադրումը կարող է դիտարկվել որպես կյանքի իրավունքը հարգելու պարտավորության խախտում, միջազգային իրավունքի խախտում կարող են լինել նաև հարուցված քրեական գործն ու «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ կիրառված սահմանափակումները՝ ընտրված խափանման միջոցները:
Փորձագետները նաև մտահոգիչ են համարում նրանց մեղավորության մասին պաշտոնյաների պնդումները՝ ընդգծելով՝ դա կարող է խախտել անմեղության կանխավարկածը: Երբ անցած տարի իրավապահները հայտնեցին այս գործի մասին, իշխանականները բառիս բուն իմաստով իրար հերթ չտալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա առաջնորդած շարժման այլ գործող անձանց ահաբեկիչներ էին անվանում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքի հանձնակատարի գրասենյակից այս գրությունը մայիսին են Հայաստանի կառավարությանն ուղարկել ու հարցեր ուղղել. արդյո՞ք իրավապահները քննել են ուժի գործադրման միջադեպը, ի՞նչ արդյունքներ են եղել և ի՞նչ են արել իշխանությունները նման դեպքերը կանխելու համար: Փորձագետները խնդրել են բացատրել՝ ինչպես են մեղադրյալներին վերագրվող գործողությունները ահաբեկչություն տերմինով կոչել, երբ «միջազգային լավագույն փորձի համաձայն՝ ահաբեկչության մեղադրանքները պետք է սահամափակվեն այն գործողություններով, երբ դիտավորությամբ մարդկանց են սպանել կամ ծանր վնասվածքներ հասցրել»:
Կարճ ասած՝ ՄԱԿ-ը Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ է խնդրել, բացի այդ՝ հորդորել է միջոցներ ձեռնարկել ենթադրյալ խախտումները վերացնելու և դրանց կրկնությունը կանխելու համար: Այս գրությունը Երևան են ուղարկել մայիսի 11-ին: Շաբաթներ անց՝ հունիսի 4-ին դատարանը որոշեց շուրջ մեկ տարի ազատազրկված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով, նա կարողացավ դուրս գալ դատարանի դահլիճից:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մյուս 17-ի փաստաբանական թիմից Տաթևիկ Սողոյանն էր դիմել: Նա ուղիղ կապ է տեսնում Կառավարության ստացած գրության ու Գալստանյանի խափանման միջոցը փոխելու որոշման միջև:
«Էն մեսիջը, որը որ ներառված էր, որ առերևույթ, պարզ է, չէ՞, որ էստեղ ահաբեկչության հետ կապ չունի, և էդ հստակ գնահատականները, որ արդեն իսկ հնչեցրել էին ՄԱԿ-ի կողմից, էսպես, սառը ցնցուղ են եղել Հայաստանի իշխանությունների համար, ինչը հանգեցրել է նաև խափանման միջոցի փոփոխության», - նշեց Սողոյանը:
Գործադիրը ՄԱԿ-ի փորձագետների գրությանը պատասխանել է մի քանի օր առաջ՝ հերքելով բոլոր մեղադրանքները: Պնդում են՝ 2024-ի հունիսի 12-ին ընդդիմադիր ցուցարարների դեմ ոստիկանության գործողություններն իրավաչափ, անհրաժեշտ և համաչափ են եղել, վստահեցնում են, թե «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ ահաբեկչություն կազմակերպելու գործն իրավապահները նախաձեռնել են ոչ թե քաղաքական, կրոնական պատկանելիության, իշխանությունների հասցեին քննադատության կամ խաղաղ հավաքներ կազմակերպելու համար, այլ երկարատև նախաքննությունից հետո ձեռք բերված ապացույցների հիմքով, որոնք պարունակում են Քրեական օրեսնգքրի՝ ահաբեկչությանը նպաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածների տարրեր:
Գործադիրն անդրադարձել է նաև խափանման միջոցների վերաբերյալ հարցադրումներին՝ հայտնելով, թե դատարանը ժամանակի ընթացքում խիստ որոշումներն ավելի մեղմ խափանման միջոցներով է փոխարինել:
Իրավապահները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների ձերբակալությանը զուգահեռ տարբեր զրույցների հատվածներից մոնտաժված ձայնագրություններ հրապարակեցին՝ դրանք որպես ապացույց ներկայացնելով, և միայն ամիսներ անց, երբ նախաքննությունն ավարտվեց, պաշտպանական կողմը հրապարակեց ամբողջական զրույցները, որոնցից պարզ դարձավ, որ հանրությանը որպես ապացույց մոնտաժված ձայնագրություններ են ներկայացրել: Դրանցից մեկում, օրինակ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոսում է «պատի տակ գյուլելու մասին». ինչպես պարզվեց, այս արտահայտությունը ոչ թե կոնկրետ կոչ է եղել կամ ծրագիր, այլ հիպոթետիկ զրույցի դրվագ էր: Չնայած այս հանգամանքին՝ Կառավարությունը պնդում է, թե մեղադրյալների արդար դատաքննության իրավունքը երաշխավորված է եղել:
Գալստանյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանն ընդգծում է՝ թեև ՄԱԿ-ի փորձագետների գրությունը իրավական ուժ չունի, և դատարանը տեսականորեն կարող է արհամարհել այն, սակայն եթե գործը միջազգային ատյաններ հասնի, փորձագետների կարծիքը ծանրակշիռ ազդեցություն կունենա:
«Մարդու իրավունքների հանձնակատարի և հատուկ զեկուցողների ինստիտուտը աշխարհում ամենածանրակշիռ ինստիտուտներից մեկն է, որին չեն շրջանցում որևէ լուրջ պետություն կամ որևէ միջազգային դատարան: Եվ էս փորձագետների կարծիքները իրենք և ծանրակշիռ ազդեցություն ունեն թե՛ Եվրոպական դատարանի համար, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի համար, թե՛ Հաագայի Միջազգային քրեական դատարանի համար», - ասաց փաստաբանը:
Այս պահին գործով անցնող 18 մեղադրյալներից ոչ ոք այլևս կալանավայրում չէ. Գալստանյանի խափանման միջոցը փոխելուց առաջ դատավորը վերջին ամիսներին նաև մյուս մեղադրյալների վերաբերյալ էր նման որոշումներ կայացրել: