ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է արել Իրանի հարցով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ նիստ է արել Իրանի հարցով: Մի շարք երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին կոչ են արել ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը, որտեղով մինչև պատերազմը անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Անվտանգության խորհրդի նիստից հետո հրավիրած մամուլի ասուլիսին ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը անօրինական պատերազմ սկսեցին Իրանի դեմ՝ խախտելով ՄԱԿ-ի Կանոնադրությունը, խաթարելով ծովային անվտանգությունը և սպառնալով տարածաշրջանային խաղաղությանը։ Ամիր Սայեդ Իրավանին նշել է, որ Իրանը չի միացել Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, հետևաբար ՄԱԿ-ի օրենքները այս հարցում չեն տարածվում Իրանի վրա:

«Իրանը 1982-ի Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմ չէ։ Հետևաբար, դրա պայմանագրային դրույթները պարտադիր չեն Իրանի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում արտացոլված որոշակի կանոնները համընդհանուր ճանաչվում են որպես միջազգային սովորութային իրավունք», - ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանը: