Երեկ մահացած զինծառայողը չարենցավանցի 20-ամյա Նարեկ Թորոսյանն է

Նարեկ Թորոսյան, լուսանկարը՝ Ֆեյսբուք

Երեկ մահացած զինծառայողը, որի ինքնության և մահվան հանգամանքների մասին իրավապահներն արդեն երկու օր է տեղեկություն չեն հայտնում, Նարեկ Թորոսյանն է: Նա 20 տարեկան էր, Չարենցավանից, Ռուս-հայկական համալսարանի ուսանող էր:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Ազատության» հետ զրույուցում նշեց, որ իր հասած տեղեկությունների համաձայն՝ ինքնասպանություն է տեղի ունեցել, մանրամասներին, սակայն, չէր տիրապետում:

Արդյոք զինվորին սպանե՞լ են, թե՝ նա ինքնասպան է եղել. «Ազատություն»-ը չի կարողացել պաշտոնապես ճշտել, քանի որ Քննչական կոմիտեն այսօր ևս հրաժարվեց մանրամասներ հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների մասին:

Չարենցավանի համայնքապետն ասաց, որ լավ է ճանաչում Նարեկ Թորոսյանի ընտանիքին: «Նորմալ ընտանիք են», - նշեց Շահգալդյանը:

«Երեկ տեղեկացվել ենք, քաղաքապետարանից, ռազմական ոստիկանությունից, զինկոմիսարիատից երեկ գնացել են, ընտանիքի անդամներին ասել են էդ գույժի մասին», - ասաց համայնքապետը:

Զինծառայողի հոր ընկերոջ՝ Արայիկ Բաբայանի փոխանցմամբ, Նարեկը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին, վերջերս արձակուրդ էր եկել:

Երիտասարդի մահվան հանգամանքների մասին ստույգ մանրամասներ չգիտեր, միայն ասաց, որ Նարեկը Ճամբարակում էր ծառայում:

«Բարձր առաջադիմությամբ, զուսպ, շատ լավ երեխա էր», - ասաց Բաբայանը:

Պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան հանգամանքների մասին որևէ տեղեկություն առ այս պահը չի հայտնել: Նախարարությունից այսօր էլ հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ, նշելով, որ վարույթ է նախաձեռնված՝ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու նպատակով:

Այս տարեսկզբից մինչև այժմ պաշտոնապես ութ զինծառայողի մահվան մասին է հաղորդվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ