Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենն այսօր առավոտից սկսել է քարոզարշավը՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
57-ամյա ազգայնական գործիչը երեկ ուշ երեկոյան էր հայտարարել չորրորդ անգամ առաջադրվելու մտադրության մասին։ Մինչ այդ Ֆրանսիայի վերաքննիչ դատարանը վերանայել էր առաջին ատյանի որոշումը, որը հինգ տարով արգելում էր Լը Պենին պետական պաշտոն զբաղեցնել։ Դատարանը, միաժամանակ, ապացուցված էր համարել, որ Լը Պենը խարդախության է գնացել ԵՄ-ից ստացած միջոցները ծախսելիս և նրան դատապարտել երեք տարվա պայմանական ազատազրկման, որից մեկը նա պետք է անցկացնի ոտքին ամրացված հատուկ սարքով։
Այսօր, քարոզարշավը սկսելով Լա Ֆլեշի արևմտյան քաղաքում, որտեղ ազգայնական կուսկացությունը հաղթել էր վերջին տեղական ընտրություններում, Լը Պենը հայտարարել է, թե պատրաստվում է դիմել նաև Վճռաբեկ՝ արդարացման համար։
«Դատարանը վերականգնել է իմ ընտրվելու իրավունքը։ Ես անմեղ եմ և կդիմեմ Վճռաբեկ դատարան՝ իմ անմեղությունն ապացուցելու համար», - հայտարարել է նա։
Հաջորդ նախագահական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան 2027-ի ապրիլի 18-ին։