Գիշերը Լվովում պայթյուն է տեղ ունեցել, զոհվել է ոստիկանության 23-ամյա աշխատակցուհի, ևս 24 մարդ վիրավորվել է:
Մարզային դատախազության հայտարարության համաձայն՝ ոստիկանությունում հաղորդում է ստացվել քաղաքի Դանիլիշինի փողոցում գտնվող խանութ ներթափանցման մասին: Դեպքի վայր պարեկային ոստիկանության անձնակազմի ժամանելուց հետո պայթյուն է հնչել: Երկրորդ անձնակազմի ժամանմանը ևս մեկ պայթյուն է հետևել; Ընդ որում, քաղաքում օդային տագնապ չի եղել, նշում է Hromadske-ն:
Զոհվածը 23-ամյա Վիկտորիա Շպիլկան է՝ Լվովի ներքին գործերի պետական համալսարանի շրջանավարտ, ով ծառայում էր պարեկային ոստիկանությունում:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կատարվածը քննում է որպես ահաբեկչական ակտ: "РБК-Украина"-ն, վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյին, գրում է, որ ահաբեկչության ենթադրյալ կատարողը ձերբակալված է, նա կին է: Առայժմ հայտնի չէ՝ կապ ունի՞ արդյոք կատարվածը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ: