Հայաստանը, համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի, վատթարացրել է դիրքերը՝ 34-րդ տեղից իջնելով 50-րդ:
Լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում նսեմացվում է և ենթարկվում է ատելության խոսքի, «կոռուպցիայի» և հակառակորդներին ծառայելու մասին քաղաքական վերնախավի հռետորաբանությունը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը, նրանց դատի են տալիս վիրավորանքի ու զրպարտության հոդվածներով, ասված է զեկույցում:
«Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների ու նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում», - ընդգծում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նկատել է՝ ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ:
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանի կարծիքով՝ Հայաստանում օբյեկտիվորեն կա խոսքի ազատության անկում:
«Այս ցուցանիշը, որ հիմա ունենք, ավելի մոտ է գոնե այն իրականությանը, ինչ որ ես ակնկալում էի դեռևս նույնիսկ անցած տարի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պապյանը:
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Արթուր Պապյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
«RSF-ի [«Լրագրողներ առանց սահմանների»-ի հապավումը ֆրանսերեն. - խմբ.] մեթոդաբանությունը հենց այդպիսին է, որ հարցերը, որ տրվում են հայաստանյան հիմնականում նաև մեդիա լանդշաֆտի տարբեր մասնագետների, օրինակ՝ արդյո՞ք ավելացել կամ պակասել են դատական գործերը լրատվամիջոցների դեմ, արդյո՞ք լրատվամիջոցներին հրապարակայնորեն թիրախավորում են, թե՞ ոչ, և բնական է, որ երբ թիրախավորում են և դատական գործերը շատանում են, արդյունքում պիտի ցուցանիշը նվազի, և արդյունքում ընդհանուր ինդիկատորում ունենանք այնպիսի պատկեր, որը հիմա ունենք», - ընդգծեց ԵՄԱ նախագահը:
Միջազգային կազմակերպությունը շեշտադրել է՝ Կառավարությունը սահմանափակում է պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը, ոչ միայն հարցումներին ուշացումով են պատասխանում, այլև՝ երբեմն ընդհանրապես հրաժարվում արձագանքել:
Մինչ դրսից թերություններն են մատնանշում, իշխանությունն անդադար հայտարարում է, թե մամուլը հիմա ազատ է, առնվազն՝ ազատ է իշխանությունից:
«Ես վարչապետ չլնեմ, դուք ընդհանրապես չորս ժամ հետո աշխատանք չեք ունենալու, դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք», - վերջերս ճեպազրույցում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում ա հաշմանդամության, գուցե՝ թեթև, բայց կարգ, եթե շարունակեք օգտվել այնպես ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում», - լրագրողներին ասել էր Փաշինյանը:
«Վերջին մեկ-երկու ամիսներին, նաև՝ երևի պայմանավորված մոտալուտ ընտրություններով, իշխանությունները ավելի բաց են դարձել, բայց առհասարակ մենք տեսնում ենք, որ կա այդ տենդենցը, երբ որ խուսափում են իրենց ոչ հաճելի լրատվամիջոցների հետ շփվելուց, ակտիվորեն քննադատում են, օրինակ՝ այնպիսի լրատվամիջոց, ինչպիսին է «Հետք»-ը, դեղին մամուլ են կոչում՝ OCCRP-ի անդամ ճանաչված լրատվամիջոցին այդպիսի տերմիններով կոչելը, կամ, օրինակ, թիրախավորում են «Ազատություն» ռադիոկայանին», - ասաց Արթուր Պապյանը:
«Իհարկե, և՛ առաջ, և՛ տաս, և՛ քսան տարի առաջ ասում էին՝«դե հենա խոսում եք, էլի, ձեզ ոչ ոք ոչ մի բան չի ասում», բայց մենք չպիտի ամեն վայրկյան շնորհակալություն հայտնենք, որ մեզ չեն գնդակահարում», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Առավոտ»-ի երկարամյա խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արա Աբրահամյան, արխիվ
Աբրահամյանը ճնշման մի ձև էլ պիտակավորումն է համարում. - «Հիմա նոր տարր է ավելացել, որը նույնիսկ երկու-երեք տարի առաջ չկար՝ այդ շպիոնամանիան, այդ լրտեսական կրքերը, այդ հիբրիդային պատերազմի մասին հեքիաթները: Իհարկե, դրանք ուղղակիորեն միայն լրագրողներին չեն վերաբերում, բայց բոլոր դեպքերում այդ անհանդուրժողական մթնոլորտը, այն առասպելները, որոնք հյուսում են, որ բոլոր ընդդիմադիրները, այդ թվում նաև՝ քննադատող լրագրողները, սերում են թշնամական ինչ-որ ճամբարներից՝ Հայաստանից, դրսից և այլն, դա, իհարկե, նույնպես ավելացնում է, փչացնում է մթնոլորտը»:
Նախօրեին էլ հայաստանյան կազմակերպություններից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր ներկայացրել այս տարվա հունվար-մարտ ամիսների վիճակագրությունը՝ զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների հասցեին առերևույթ վիրավորանքների և սպառնալիքների, լրագրողական գործունեության խոչընդոտումների գերակշիռ մասը՝ 8-ից 7-ը եղել են իշխանության կողմից: Ըստ նույն աղբյուրի՝ անցած երեք ամիսներին 14 նոր հայց է ներկայացվել, բոլորն էլ՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով, 6-ը՝ պաշտոնյաների կողմից, 2-ը՝ բիզնեսի ներկայացուցիչների, 2-ը՝ լրագրողների, 1-ը՝ ընդդիմադիր գործչի, 3-ը՝ ընդդիմադիր գործչի հետ փոխկապակցված անհատների:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մեդիայի բևեռացման արմատները քաղաքական դաշտի բևեռացման մեջ է տեսնում. - «Շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին։ Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախ»:
Անկախ լրատվամիջոցների շարքում միջազգային կազմակերպությունն առանձնացրել է «Ազատությանը», Civilnet-ին, «Հետք»-ին ու Factor-ին՝ ընդգծելով, որ այդ լրատվամիջոցները կատարում են անկախ վերահսկողի դեր։