Լուկաշենկոն ներում է շնորհել 31 Ուկրաինայի քաղաքացու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 31 Ուկրաինայի քաղաքացիների, որոնք իր երկրում դատապարտվել էին քրեական հանցագործությունների մեղադրանքներով:

Բելառուսի նախագահի խոսնակ Նատալյա Էյսմոնտի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է «Ուկրաինայի խնդրանքով և որպես զարգացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվածությունների՝ հակամարտության կարգավորման պայմաններ ստեղծելու համար»: Ազատ արձակվածների անունները չեն հրապարակվում:

Ուկրաինայի գերիների փոխանակման համակարգման կոմիտեն հաստատել է բանտարկյալների ազատ արձակման փաստը՝ հայտնելով, որ «Բելառուսում ձերբակալված կանայք և տղամարդիկ դատապարտվել էին 2-ից մինչև 11 տարվա ազատազրկման», և երախտագիտություն հայտնելով Թրամփին:

Ուկրաինացի պաշտոնյաների հավաստմամբ՝ այդ անձինք Բելառուսում անազատության մեջ էին հայտնվել ուկրաինամետ դիրքորոշման համար և մեղադրվում էին Ուկրաինային օժանդակելու մեջ:

Օրեր առաջ Լուկաշենկոն ներում էր շնորհել նաև երկու կաթոլիկ քահանայի՝ Անջեյ Յուխնեևիչին և Հենրիխ Օկոլոտովիչին: «Այդ որոշումն ընդունվել է Հռոմի Լևոն 14-րդ Պապի խնդրանքով՝ միտրոպոլիտ Իոսիֆ Ստանևսկու մասնակցությամբ, բարի կամքի ժեստի շրջանակում, ղեկավարվելով գթասրտության և մարդասիրության սկզբունքներով, հաշվի առնելով դատապարտյալների առողջական վիճակը, ինչպես նաև Սուրբ Աթոռի հետ Բելառուսի Հանրապետության հարաբերությունների զարգացման նպատակով», - ասել է Էյսմոնտը:

Այս տարվա հունիսին Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի այցից հետո Լուկաշենկոն ներում շնորհեց 14 դատապարտյալների, նրանց թվում՝ ընդդիմադիր գործիչ Սերգեյ Տիխանովսկուն, հուլիսին՝ ևս 16 մարդու:

Սեպտեմբերին Բելառուսի նախագահը ներում շնորհելու հրամանագիր ստորագրեց երկու անգամ, ազատ արձակվեց ընդհանուր թվով 77 մարդ, այդ թվում՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իգոր Լոսիկը:

Լուկաշենկոն հայտարարել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ դեկտեմբերին անցկացվելիք նոր բանակցությունների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լուկաշենկոն ներում է շնորհել երկարատև բանտարկության մեջ գտնվող երկու կաթոլիկ քահանաներիՔելլոգ․ «Լուկաշենկոն մեզ համար հավելյալ ելք է Պուտինի վրա»Բելառուսն ազատ է արձակել 52 բանտարկյալի, այդ թվում՝ 6 լիտվացու. Լիտվայի նախագահԼրագրող բանտում. Ազատ արձակված «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ի նախկին լրագրողը վերհիշում է Բելառուսում իր բանտարկությունըԼուկաշենկոն 14 քաղբանտարկյալ է ազատ արձակել՝ Վաշինգտոնի միջնորդությամբ Լուկաշենկոն ազատ արձակեց Տիխանովսկուն