Ախթալայի հանքի գործադուլի մեջ գտնվող բանվորների պահանջը դեռևս չի բավարարվի

Ախթալայի հանքը մի քանի օր է՝ չի աշխատում, առաջիկայում կարող է կանգնել նաև կոմբինատը. հանքի մոտ 50 հորատող բանվորներ գործադուլ են անում՝ աշխատավարձը բարձրացնելու պահանջով: Նշում են, որ բացի հորատումից, նաև այլ պարտականություններ են դրվում իրենց վրա՝ հանքի պայթեցում, փականագործի աշխատանք և այլն, բայց այդ՝ հավելյալ աշխատանքի համար չեն վարձատրվում:

Ղեկավարությունից այսօր ի վերջո հանդիպել են ցուցարարներին ու փոխանցել՝ զիջման չեն գնալու, այս պահին վարձատրությունը բարձրացնելու հնարավորություն չունեն: Միայն խոստացել են, որ հավելյալ պարտականություններ նրանց ուսերին չեն դնի:

«Այդ գործերն անելու համար այլ աշխատակիցներ կընդունեն, բայց աշխատավարձ չեն բարձրացնի», - «Ազատությանն» ասաց Ախթալայի բնակիչ Սասուն Վարդումյանը, որ ԼՀԿ արհմիության ղեկավարն էր տարիներ շարունակ: Հենց նրա աջակցությամբ են լեռնահարստացման կոմբինատում պարբերաբար բողոքում հանքի աշխատանքային վատ պայմաններից, անվտանգության ու նաև ցածր աշխատավարձի հետ կապված խնդիրներից:

«Իրենք խուսափում են աշխատավարձ բարձրացնելուց, որովհետև ամբողջ հիմնարկում շատ ցածր աշխատավարձեր են, եթե հիմա նրանցը բարձրացնեն, մնացածն էլ պետք է հետո պահանջեն», - ասաց Վարդումյանը:

Եթե 2021-ին Լոնդոնի բորսայում պղնձի գինը տարվա կտրվածքով կազմել է 9000 դոլար, ապա այս տարեսկզբին Լոնդոնի մետաղական բորսայում մեկ տոննայի գինը մոտենում է 13 000 դոլարի: Մինչդեռ հանքափորների աշխատավարձի վրա դա որևէ կերպ, նրանց խոսքով, չի ազդել։

Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը, որ նույնպես տեղյակ էր արդեն օրեր շարունակվող գործադուլի մասին, ասաց՝ արդարացի է համարում հանքափորների պահանջը՝ հաշվի առնելով նրանց «ծանր ու վտանգավոր աշխատանքը»:

«Իրենք որտեղ աշխատում են ու իրենց ստացածը շատ քիչ է, որովհետև շատ վտանգավոր տեղ են աշխատում: Նենց չի, որ էդ հիմնարկի ղեկավարությունը չի ընդունում դա, ուղղակի այս պահին ասում են՝ «հնարավորություն չունենք բարձրացնելու», - նշեց Սարգսյանը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այժմ բանակցում են գործադուլավորների հետ՝ հասկանալու նրանց պահանջները: Թե որքանո՞վ են ընդունելի աշխատավարձի բարձրացման հետ կապված աշխատակիցների պահանջներն ընկերության ղեկավարության համար, Շահնազարյանն ասաց՝ եզրահանգում կանեն բանակցություններն ավարտելուց հետո:

«Խնդիրները զուտ տնտեսական խնդիրներ են, գուրծադուլներն էլ մենք միշտ հիշում ենք, սրանից առաջ էլ, հետո էլ, դրանք բոլորը ժամանակավոր բնույթ են կրում, ու ձեռնարկությունն աշխատելու է», - նշեց նա:

«Ազատության» հարցին՝ քննարկո՞ւմ են արդյոք նաև աշխատավարձի բարձրացման հնարավորությունը, Շահնազարյանը պատասխանեց. «Ո՛չ: Մենք բանակցում ենք՝ տեսնենք էդ մարդկանց ուզածն ինչ է, հասկանանք՝ ինչ են ուզում»:

Կոմբինատի պաշտոնյան հերքեց, թե հանքափորների աշխատավարձը ցածր է, պնդեց՝ շատերն անգամ մինչև մեկ միլիոն դրամ են ստանում: Մինչդեռ գործադուլավորները նման թիվ տեսել են միայն եզակի դեպքերում, պնդում է Ախթալայի բնակիչ Սասուն Վարդումյանը. «Ֆաբրիկայում աշխատում են, 130-140 հազար դրամ են ստանում, հանքի ներսում էլ անմարդկային պայմաններ են, դրա մասին ոչ ոք չի խոսում»:

Գործադուլի դուրս եկած հանքափորների հետ բանակցություններին զուգահեռ երեկ ընկերությունն իր էջերում հայտարարություն է տարածել՝ աշխատանքի հրավիրելով հորատող նոր բանվորների: ԼՀԿ-ի պաշտոնյան չհերքեց, որ գործադուլ անողներին աշխատանքից ազատելու ծանուցումներ են ուղարկել, բայց պնդեց, թե աշխատանքի հրավիրելու հայտարարությունները կապ չունեն գործադուլի հետ:

«Իրենք որպես էդպիսին, եթե ծանուցումը ստացել են, պիտի իրենք մտածեն՝ աշխատում են, չեն աշխատում հետագայում, ինչ են անելու, իրենց ճակատագիրն իրենց ձեռքում է», - ասաց Գագիկ Շահնազարյանը:

Գործադուլավորները հայտարարեցին, որ վաղը նույնպես աշխատանքի դուրս չեն գա, քանի դեռ աշխատավարձի բարձրացման իրենց պահանջը բավարարված չէ: Ախթալայի ԼՀԿ-ն այս պահին մոտ 500 աշխատող ունի: Գործադուլի մեջ է նրանցից 50-ը:

Անցած տարի Հայաստանի ամենախոշոր հարկատուն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը մոտ 5 մլրդ դրամի պահանջով դատի տվեց գործադուլի դուրս եկած և աշխատանքից ազատված ութ աշխատակիցներին: Հենց այսքան էին գնահատել գործարանին պատճառած վնասը, որն, ըստ ընկերության, առաջացել էր 10 օր աշխատանքի չներկայանալու պատճառով։

Այս հսկա կոմբինատի 22 տոկոս բաժնետեր կառավարությունն այդպես էլ որևէ դիրքորոշում չարտահայտեց թե՛ գործադուլի օրերին, ու թե՛ դրանից հետո: