Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում զանգվածային խուզարկություններ են իրականացվել՝ «Ազատության» տեղեկություններով:
Ստեփանավանի համայնքներում, մասնավորապես ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության 22 աջակիցների տներն են իրավապահները խուզարկել, նրանք հրավիրվել են ոստիկանության բաժանմունքներ՝ վկայի կարգավիճակով, ապա դուրս եկել այնտեղից: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ձերբակալվածներ չկան:
Բերման ենթարկվածների թվում էր Գյուլագարակի նախկին գյուղապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Մհեր Գևորգյանը: Նրա որդին Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում է, իսկ Գևորգյանը քաղաքական ուժի աջակիցներից է:
Խուզարկություններ են իրականացվել նաև Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանի բնակարանում: Վերջինս ևս ընդգրկված է «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակում: «Ազատությանը» փոխանցեց, որ տնից խուզարկությունների ընթացքում առգրավել են կնոջ և մոր անձնական հեռախոսները, երկու համակարգիչ, նշումներ պարունակող այլ իրեր:
Եվս երկու հոգի՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ, ներկայումս «Ուժեղ Հայաստանի» աջակիցներ Վահե Դավթյանը և Արսեն Միկոյանը, բերման էին ենթարկվել: Նրանց տեղափոխել էին Սպիտակի և Ստեփանավանի ոստիկանության բաժանմունքներ:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: