Այս տարի Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Թումանյան և Վանաձոր համայնքներում տեղական ընտրություններ են սպասվում։ Սակայն ի տարբերություն 2021 թվականի, երբ ամեն ինչ տեղի ունեցավ մեկ օրում, այս անգամ յուրաքանչյուր համայնքի համար տարբեր ամսաթվեր են սահմանվել։
ՏԻՄ հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանի կարծիքով՝ ընտրությունները մաս-մաս անցկացնելը քաղաքական հնարք է. իշխանությունը դժվարությամբ կկենտրոնացներ ռեսուրսները բոլոր համայնքներում միաժամանակ։
«Եթե բոլոր տեղերում միաժամանակ ընտրություն լինի, իր ռեսուրսը բաժանելու է հինգ մասի, մինչդեռ առանձին-առանձին երբ որ նշանակում է յուրաքանչյուր համայնքում, ամբողջությամբ կարողանում է իշխող ուժի դնի իր ռեսուրսը և գոնե էդ ձևով ինչ-որ արդյունք ապահովի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Քոթանջյանը:
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի որոշմամբ՝ Ստեփանավանում ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին։ Ստեփանավանն ու Գյուլագարակը վերջերս էին խոշորացվել, իսկ օրենքով խոշորացումից հետո եռամսյա ժամկետում պետք է ընտրություններ անցկացվեն։ Սակայն ընդդիմությունը նույնիսկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ իշխանությունը միտումնավոր է ընտրությունները նշանակել հենց այս փուլում։ Նրանք պնդում են, որ նախընտրական արգելքների պատճառով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը չի կարողանա գյուղացիներին հանձնել բարեգործական նպատակով արդեն գյուղ հասցրած կոմբայնը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն ահազանգում էր, որ խոտհունձն սկսվել է, իսկ գյուղացին մնացել է առանց տեխնիկայի։
«Սիրելի հայրենակիցներ, արձանագրենք էդ փաստը, որ կոմբայնը հասել է տարածք ու պիտի իրականացներ հունձը, որը երեկվանից է սկսվել, չգիտեմ՝ դա պատահականություն էր, զուգադիպություն էր, մարզպետը երեկ որոշում է ստորագրել, ու բարեգործության արգելքը մտել է: Ո՞նց են կարգավորելու էս հարցը», - հայտարարեց Գևորգյանը:
Բայց ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանն անհիմն է համարում ընդդիմության մեղադրանքները՝ հիշեցնելով օրենքի եռամսյա պահանջը։ «Ստեղ կոմբայնի կամ այլ բանի մասին խոսք գնալ չի կարող», - նշեց փորձագետը:
Եթե Ստեփանավանի դեպքում որոշումն ունի իրավական տրամաբանություն, ապա Թումանյան համայնքում սեպտեմբերին ընտրություններ նշանակելը, Քոթանջյանի գնահատմամբ, անհեթեթություն է։ Թումանյանի ավագանու լիազորություններն ավարտվում են դեկտեմբերին։ Ստացվում է՝ ընտրությունները նշանակվել են երեք ամիս շուտ։
«Այսինքն՝ ստացվում է, որ զուգահեռ ունենում է երկու ավագանի, երկու լիազորություն ունեցող ավագանի, կամ էս դեպքում վաղաժամ դադարեցնում են ավագանու լիազորությունները, որի համար պետք են իրավական հիմքեր, իսկ էդ իրավական հիմքերը փաստացի էս պահին չկա, և էս դեպքում մարզպետի որոշումը փաստացի չի բխում օրենքից», - ասաց փորձագետը:
Վանաձորում իրավիճակն ավելի խճճված է։ Անցած ամիս Վճռաբեկ դատարանը մերժեց ՀԱՍԿ-ի բողոքը, որով կուսակցությունն անհամաձայնություն էր հայտնում 2021 թվականի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան»-ի հայցի մերժմանը։ ՀԱՍԿ-ի Վանաձորի ներկայացուցիչը քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն է։ Փորձագետների համար ի սկզբանե էլ պարզ էր, որ բողոքն իրավական հիմքեր չունի, բայց այն քննելու պատրվակով դատարաններն ավելի քան երկու տարի սառեցված պահեցին Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքը։
«Գիտենք, որ 23 թվականի նոյեմբերից հետո որևիցե պրոցես չպիտի լիներ, այսինքն՝ պետք է ընտրվեր համայնքի ղեկավարը: Բայց իշխանությունը, նաև հղում անելով դատական գործընթացին՝ էն ձևական դատական գործընթացին, որը ի սկզբանե բոլորս գիտեինք, որ Վճռաբեկ դատարանը մերժելու է, էդ պրոցեսով իրենք գնացին: Հիմա էդ էլ է սպառվել, և այլևս չկա որևիցե բան, որից կարող է իշխանությունը կառչել կամ մատնացույց անել», - ընդգծեց Գևորգ Քոթանջյանը:
Չնայած Վճռաբեկ դատարանն արդեն վերջնական որոշում է հրապարակել, Վանաձորի քաղաքապետարանը համառորեն լռում է և հրաժարվում պատասխանել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք նախաձեռնել ավագանու նիստ՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով, թե՞ ոչ։ Քաղաքապետարանի խոսնակն ընդամենը կարճ փոխանցեց, որ այս հարցով մեկնաբանություն չունեն։ Մինչդեռ ըստ Գևորգ Քոթանջյանի՝ հուլիսի վերջին, երբ Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ մտավ, քաղաքապետարանի աշխատակազմը պարտավոր էր ավագանու նիստ հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու համար։
«Մինչև էսօր շարունակում է պաշտոնակատարը ունենալ լիազորությունները, բայց իր լիազորությունները պետք է սահմանափակված լիներ, ավարտված լիներ փաստացի դատական պրոցեսների ավարտից անմիջապես հետո, բայց դեռ պահպանում է էդ մարդը իր լիազորությունները: Եվ ստեղ փաստացի խախտվում է ևս մեկ տրամաբանություն», - նշեց փորձագետը:
Ավագանու նիստ գումարելու և չորս տարվա չարածը գոնե դատարանների վերջնական վճռից հետո անելու փոխարեն իշխանությունները ծրագրում են սեպտեմբերին միավորել Վանաձորն ու Փամբակը, իսկ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին։ Բայց սա քաղաքական հերթական ճգնաժամը կստեղծի, պնդում է փորձագետը: Փոխանակ տարին մեկ-երկու նիստ անող ավագանին վերջապես քաղաքապետ ընտրի, իշխանությունը նախընտրում է սրանով դարձյալ ձգձգել գործընթացը։
Իսկ ովքեր են հավակնում Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնին, առայժմ պարզ չէ:
Մամուլը գրում է, որ Լոռու գործող ՔՊ-ական մարզպետն է լինելու իշխող ուժի թեկնածուն, սակայն Արեն Մկրտչյանն առայժմ այդ մասին հրապարակային հայտարարություն չի արել:
Պարզ չէ նաև, թե ընդդիմադիր որ ուժերը կմասնակցեն Վանաձորի տեղական ընտրություններին: Ընդդիմության թեկնածուն՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վայր դրեց ավագանու անդամի մանդատն ու գնաց խորհրդարան «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով: