Լքված մանկապարտեզի անշարժ բնակիչը

Արցախից է տեղահանված Գայանե Միրզոյանն ամուսնու հետ չորս ամիս է՝ ապրում է խարխուլ կիսաքանդ մանկապարտեզի շենքում՝ «բաղնիք չկա, ջուր չկա, հոսանք չկա»: 52-ամյա կինն անշարժ սայլակին է, ձախ ոտքի սրունքը չկա, աջի՝ ոտնաթաթը։

Ամուսնու հետ Արցախից է տեղահանվել Գայանեն, երկու լիարժեք ոտքով։ Մինչև անցյալ տարի, քանի դեռ պետությունը տուն վարձելու փող էր տալիս, Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ ծովագյուղ, հետո Դդմաշեն գյուղերում վարձով էին ապրում։ Հետո գումար չունենալու պատճառով հայտնվել են դրսում, պատսպարվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի աղբատարին կից նկուղներից մեկում։ Այստեղ էլ ցրտահարվել են Գայանեի ոտքերը, իսկ ինչպե՞ս են հայտնվել մանկապարտեզում, որ քարուքանդ է, առանց ապրելու նվազագույն պայմանի։ Պարզվում է՝ թաղապետարանն է հատկացրել։

Նախկին վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, որ հիմա Շենգավիթի թաղապետն է, թաղապետարանի ամենևին էլ ոչ սոցիալական հարցերով զբաղվող աշխատակցին հանձնարարել է այս մարդ տեղավորել մի տարածքում, որ կացարանի չի նման, բայց երևի համարել են աղբատարի տարածքից լավ է։ Այստեղ է պարզվել, որ կնոջ ոտքերը ցրտից վնասված են։

Տարել երկու ոտքերը տարբեր հատվածներից հեռացրել են ու վերադարձրել այս ավերակ տարածք, գործը համարելով ավարտված։ Գայանեն ոչ հաշմանդամության կարգ ունի, ոչ թոշակ է ստանում, ոչ էլ որևէ կոպեկ պետությունից: Լսել է, որ կարող է կարգ ստանալ ու թոշակ, նույնիսկ պրոթեզ, բայց ոչ ոք նրան չի բացատրել, թե ինչպե՞ս պիտի հասնի այս ամենին, անշարժ սպասում է։

Այս կինն ամիսներով հիվանդանոցում է եղել, հետո արդեն անպուտացված ոտքերով հետ եկել լքված մանկապարտեզի տարածք։ Վարչական շրջանում տեղյակ են եղել այս ամուսինների գոյության ու խնդիրների մասին, ինչո՞ւ ահազանգը Միասնական սոցիալական ծառայություն չի հասել, պետության որևէ օղակի չի հասել։

Թաղապետարանի աշխատակիցը կարծում է տեղահանվածներն իրենք են ծուլացել։ Գայանեն պատկերացում անգամ չունի, թե ինչ պիտի անի, պատկերացում չունի, որ եթե հաշմանդամության կարգ ունենար, որպես տեղահանված բնակվարձի փոխհատուցում կստանար։ Նրան ոչ ոք չի ասել այդ մասին, իրենք էլ ի վիճակի չեն զբաղվել այդ հարցերով, որովհետև հեռախոս լիցքավորել ու դրանով թեժ գիծ զանգել անգամ չեն կարող, հոսանք չկա։ Երեկոյան նույնիսկ մոմով լուսավորել տարածքը հնարավոր չէ, կոտրված ապակիներով պատուհաններից քամիներ են փչում, մարում մոմը։

Մանրամասներն՝ «Ազատության» տեսանյութում.