Լիտվան պատրաստվում է խստացնել Բելառուսի և ՌԴ քաղաքացիների մուտքի, անշարժ գույքի ձեռքբերման պայմանները

Լիտվայի ԱԳՆ-ն առաջարկում է արգելել Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիների մուտքը, որոնք պատրաստվում են աշխատել կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և զվարճանքի ոլորտներում, եթե նրանք նման գործունեություն են իրականացրել Ուկրաինայի օկուպացված տարածքներում, ինչպես նաև «ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմին կամ մասնակցել են դրան»։

Առաջարկվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են նշված նպատակներով ժամանել Լիտվա, հայտարարություն ստորագրեն՝ դատապարտելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և աջակցություն հայտնեն ՄԱԿ-ի կանոնադրության, դրա սկզբունքներին, ինչպես նաև Ուկրաինայի անկախությանն ու ինքնիշխանությանը, հայտնում է Delfi-ն։

Բացի այդ, օրինագծով Բելառուսի և Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն լիտվական կացության իրավունք, արգելվում է անշարժ գույք գնել ռազմավարական օբյեկտների և ռազմական ուսումնավարժարանների հարևանությամբ։ Փոփոխությունները տարածվում են նաև նրանց պատկանող իրավաբանական անձանց վրա։

Լիտվայի ԱԳՆ-ն նաև առաջարկում է արգելել երկրում անշարժ գույք գնել Բելառուսի այն քաղաքացիներին, որոնք չունեն լիտվական կացության իրավունք։

Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ նման միջոցն արդեն գործում է 2023-ից։ Եթե օրենքն ընդունվի, այն կարող է ուժի մեջ մտնել 2027-ի հունվարի 1-ից։