Լիտվայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ հեռուստառադիոյի հետ համագործակցելու մեղադրանքով

ВГТРК-ի լոգոն, արխիվ

Լիտվայում ձերբակալել են հինգ մարդու, ովքեր մեղադրվում են Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) համար աշխատելու մեջ:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ այդ անձանց ձերբակալել են այլ պետությանը օգնության և Լիտվայի դեմ գործունեության վերաբերյալ քրեական գործի քննության շրջանակում:

Բոլոր ձերբակալվածները Լիտվայի քաղաքացիներ են: Ըստ քննության վարկածի՝ նրանք 2024 թվականի աշնանից կապի մեջ են եղել ВГТРК ներկայացուցիչների հետ և վարձատրության դիմաց «կատարել են տարբեր հանձնարարություններ՝ կապված Լիտվայի նկատմամբ թշնամական պետության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության հավաքման և փոխանցման հետ»:

Ըստ դատախազության՝ այդ անձինք նաև «պատրաստել և Լիտվայում տարածել են տեղեկատվություն, որը համապատասխանել է Ռուսաստանի շահերին և կրկնել նրա քարոզչական նարատիվները»:

LRT պարբերականի տվյալներով, որոնք հաստատել է դատախազությունը, ձերբակալվածները «Հայրենիքի կոնդուկտորներ» կազմակերպության մասնակիցներ են: Կազմակերպությունը գրանցված է հանրային տեղեկատվության արտադրողների և տարածողների լիտվական տեղեկատվական համակարգում, ինչը թույլ է տալիս պետական մարմիններից տեղեկատվության հարցումների ժամանակ օգտվել զանգվածային լրատվամիջոցների իրավունքներից:

Ավելի վաղ 15min պարբերականը գրել էր, որ «Հայրենիքի կոնդուկտորներ»-ի անդամները զանգվածաբար հարցումներ են ուղղում պետական հաստատություններին տարբեր հարցերով՝ «սկսած պաշտպանությունից, անվտանգությունից և տարբեր ռազմավարական օբյեկտների մանրամասներից մինչև միգրացիա և Ռուսաստանի օգտին լրտեսության գործեր», իսկ ստացած պատասխանների ճնշող մեծամասնությունն այդպես էլ չի հրապարակվում: