Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է բախվել սովի՝ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև պատերազմի հետևանքով

Լիբանան, արխիվ

Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է բախվել սուր սովի՝ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև վերջին պատերազմի հետևանքով։

Այս թիվը հրապարակել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ Պարենի համաշխարհային ծրագրի և Լիբանանի գյուղատնտեսության նախարարության համատեղ ուսումնասիրությունների արդյունքում։

Հայտարարության համաձայն՝ բնակչության գրեթե յուրաքանչյուր 4-րդը 2026 թվականի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում կարող է բախվել պարենային անապահովության ճգնաժամային կամ ավելի ծանր մակարդակի։
Զեկույցում նշվում է, որ սա «էական վատթարացում» է՝ համեմատած մարտ ամսվա հետ։

«Վատթարացումը պայմանավորված է հակամարտությամբ, տեղահանությամբ և տնտեսական ճնշումներով»,- ասված է հայտարարության մեջ։

Չնայած ապրիլի 17-ից գործող հրադադարին՝ կողմերը շարունակում են փոխադարձ կրակահերթերը։ «Առանց շարունակական և ժամանակին տրամադրվող մարդասիրական ու կենսապահովման աջակցության՝ սուր պարենային անապահովությունը հավանաբար կխորանա»,- եզրահանգում են զեկույցի հեղինակները։