«Լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ». Քոչարյանը շարունակեց կոշտ քննադատել իշխանություններին

«Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավով այսօր Արարատի մարզում էր, բացօթյա հանդիպումներ սկսեցին Վեդիից:

Երկրորդ նախագահն այսօր էլ շարունակեց կոշտ քննադատությունը իշխանությունների հասցեին: Չնայած ըստ տարբեր հարցումների՝ իշխող ուժի վարկանիշն իր ղեկավարած ուժի վարկանիշից բարձր է, Քոչարյանը հայտարարեց՝ շատ է մտածել, թե այս իշխանություններն է՞լ ինչ են անելու, որ Հայաստանում այլևս իրենց աջակից ոչ մի մարդ չմնա:

«Ինչ վատ բաներ հնարավոր էր անել, արեցին։ Հրահրեցին պատերազմ, պարտվեցին։ Տվեցին 5 հազարից ավել զոհ, վիրավորներ, հողեր։ Հասան Հայաստանի հողերին, Հայաստանի հողերը տվին։ Հիմա է՞լ ինչ կարող են անել, երևի մնացել է մեկ բան՝ էս ժողովրդին սոված թողել», - ասաց նախկին նախագահը:

Քոչարյանը, որ ընտրողներին խոստանում է վերականգնել հայ-ռուսական հարաբերությունները, այսօր այդ հարցին էլ անդրադարձավ. - «Այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ։ Այ մարդ, ի՞նչ ունեք, մեծ երկիր է, հանգիստ թողեք։ Իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ Ռուսաստանի վզին՝ հաշվի չառնելով, թե ինչքան է մեր տնտեսությունը կախված այդ երկրի հետ, ԵԱՏՄ-ի ընդհանրապես համակարգի հետ։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, ո՞նց ենք ուզում ապրել ընդհանրապես: Չունենալ բարեկամ, չունենալ դաշնակից, լինել մենակ այստեղ, ամբողջ հույսը կապել Ալիևի կամքի հետ, Ալիևի քմահաճույքի հետ, սա՞ ենք մենք ուզում»։

Թեև Մոսկվայից պարբերաբար հորդորում են արագ կողմնորոշվել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, թե ընտրության պահը դեռ չի եկել, իսկ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն տեսնում:

Այսօրվա քարոզարշավին Ռոբերտ Քոչարյանը խոսեց իշխանության ու ընդդիմության միջև բանավեճի առիթ դարձած ևս մեկ թեմայից՝ 44-օրյա պատերազմի զոհերի թվից: Նրա քաղաքական ուժը պնդում է, որ հայկական կողմը 5 հազարից ավելի զոհ է տվել, իշխանությունները տարբեր մակարդակներով հակադարձում են ու պնդում, որ ընդդիմադիրները նախընտրական այս ժամանակահատվածում թիվը ուռճացնում են: Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր ընդդիմադիրներին սրիկայության մեջ մեղադրել ու ևս մեկ անգամ պատերազմի զոհերի պաշտոնական թիվը հրապարակել:

«44-օրյա պատերազմի գործերով քրեական գործերով 3 հազար 833 է, որից 78 անձ քաղաքացիական անձ է, և 3 հազար 755 զինվորական: Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը՝ նրանց թիվը մոտավորապես 160-ին է հասնում, և մենք չենք կարող իրենց ներառել այս թվի մեջ», - ասել էր ԱԺ խոսնակը:

Քոչարյանն այսօր առաջարկեց անուն առ անուն հրապարակել զոհերի անունները:

«Հիմա հարցադրումը հետևյալն է իմ կողմից՝ դուք այդ երիտասարդներին, որ զորակոչել եք զինկոմիսարիատներով, ցուցակներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, մարդիկ անուն-ազգանուն ունեցե՞լ են, թե՞ ոչ: Որ բերել եք այս սբոռնի պունկտերում մեքենաները նստացրել ուղարկել պատերազմ, այդ մարդիկ անուն-ազգանուն ունեցե՞լ են: Դագաղները, որ հետ են եկել սառնարան մեքենաներով, համարներով են եկել, համարներով: Հիմա ասում եմ՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, մեր հերոսներին հարգեք, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան, թե ինչ է: Եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք», - ասաց նախկին նախագահը:

Երկրորդ անգամ Փաշինյանի ուժի հետ ընտրապայքարի մտած ընդդիմադիր առաջնորդը վերստին պնդեց, որ գործող իշխանությունը պայքարում է հայի ինքնության դեմ, ու հավելեց. - «Մեր հայրենիքը մեծ չի, շատ ավելի մեծ էր, հիմա շեշտակի խուզել են: Հիմա այն քարտեզն էլ, որ դրել է, մի քիչ էլ դա է խուզած։ Եվ քիչ է այս ամենը, դեռ հրապարակային հայտարարում են, որ ադրբեջանական ինչ-որ հողեր դեռ մեր վերահսկողության տակ են։ «Էստի համեցեք» են անում պատերազմի համար կամ փորձում են նախապատրաստել մեր ժողովրդին հետագա հողային զիջումների։ Հա՞շտ ենք մենք սրա հետ։ Ոչ»։

Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքում են, թե ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում է, չնայած Բաքվից պարբերաբար նման պահանջ հնչում է:

Քոչարյանն այսօրվա ելույթում չխուսափեց նախորդ անգամ կիրառած վիրավորական բառից ու ևս մեկն ավելացրեց. - «Երկու օր առաջ էր, հա՞, որ ասացի, էդ համբալ բառը բան դառավ, չէ՞, մի քիչ, սենց շրջանառության մեջ մտավ, ահավոր նեղացան, շատ նեղացան: Բայց հեչ չեն նեղացել մեկ արտահայտությունից, որ ասել եմ «Ալիևի տուզիկն ա», չի նեղացել։ Ուրեմն՝ կապ չունի, թե էդ մարդուն դու ինչ ես ասում, Ալիև բառը կպցրու՝ ամեն ինչ մարսելու է։ Հիմա չգիտեմ՝ լավ է համբալ լինե՞ս, թե՞ Ալիևի տուզիկը։ .. Հա, Ալիևի համբալ, երևի, հա, երևի սա ընդունելի կլինի, սա կլինի ընդունելի Նիկոլ Փաշինյանի համար»։

Անցած անգամ Փաշինյանը նույն «համբալ» բառով էր պատասխանել Քոչարյանին:

«Հայաստան» դաշինքի վերջին կանգառն այսօր Արտաշատում էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Օտարերկրյա լրտես», «Ամեն մեկի հետևից թուրքի բեղ ա երևում». իշխանություն-ընդդիմություն հեռակա բանավեճը նոր թափ ստացավՔոչարյանը քննադատում է Փաշինյանին, խոսում իր իշխանության աղմկոտ դեպքերից. որքանով են ճիշտ նրա պնդումները Քոչարյանը Փաշինյանին «համբալ» անվանեց, վարչապետը նույն բառով պատասխանեցԴարձյալ Քոչարյանին «նստեցնելու» խոստում, ՀՀ տորթ-քարտեզ, սրճարանում ծխող պաշտոնյա. ՔՊ քարոզարշավը ԱջափնյակումԱռաջին քրգործը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի դեմ, դաշինքը դատապարտել է տեղի ունեցածըԽուզարկել են «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակը, կան բերման ենթարկվածներ