Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական ինքնաթիռ է որսացել

Լեհաստան, արխիվային լուսանկար

Լեհական կործանիչները Բալթիկ ծովի վրայով որսացել են ռուսական հետախուզական ինքնաթիռ, որը թռչում էր երկրի օդային տարածքի մոտակայքում, հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրի բանակը։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան։ Հաղորդագրության համաձայն, կործանիչները «որսացել, տեսողականորեն նույնականացրել և ուղեկցել են ռուսական հետախուզական ինքնաթիռը իրենց պատասխանատվության գոտուց դուրս»։

Զինվորականները նաև հայտարարել են, որ գիշերը Բելառուսից Լեհաստանի օդային տարածք են մտել ամենայն հավանականությամբ, մաքսանենգ ապրանքներ տեղափոխող օդապարիկներ։ «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օդային տարածքի մի մասը, որը սահմանակից է Բելառուսին, ժամանակավորապես փակվել է», - ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի հարևան Լեհաստանը Ուկրաինայի վրա ռուսական զինուժի հարվածների ֆոնին կործանիչներ է օդ բարձրացրել և բարձր պատրաստվածության բերել հակաօդային պաշտպանության համակարգերը:

Սեպտեմբերի վերջին, ինչպես հաղորդել էր Bloomberg-ը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագետները գաղտնի կերպով զգուշացրել էին Մոսկվային, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը պատրաստ են խոցել ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքը խախտած ռուսական մարտական ինքնաթիռները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ «նման ագրեսիվ հայտարարությունները Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական էական սրացումն են»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիտվան արտակարգ դրություն է հայտարարելՎիլնյուսի օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է՝ օդապարիկների պատճառով