Լեհաստանն ու Բելառուսը կալանավորներ են փոխանակել

Լեհաստանի սահմանապահները Բելառուսի հետ սահմանին, արխիվ

Բելառուսը և Լեհաստանն այսօր կալանավորներ են փոխանակել։ Բելառուսի պետական Belta լրատվական գործակալության փոխանցմամբ` փոխանակումը տեղի է ունեցել երկու երկրների սահմանին՝ «հինգը հինգի դիմաց» սկզբունքով։

Ըստ նույն աղբյուրի՝ Մինսկին հանձնված անձանց թվում են ինչպես Բելառուսի, այնպես էլ Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ։

Լեհաստանին փոխանցված ամենահայտնի կալանավորը Բելառուսի դատարանի կողմից ութ տարվա ազատազրկման դատապարտված լրագրող, «Բելառուսի լեհերի միության» ակտիվիստ Անդրեյ Պոչոբուտն է։ Նա ձերբակալվել էր 2021 թվականին։ Բելառուսի դատախազությունը նրան մեղադրում էր ազգամիջյան թշնամանք հրահրելու համար։