Լեհաստանի նախագահը Զելենսկուն զրկել է իր երկրի բարձրագույն պարգևից

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զրկել է իր երկրի բարձրագույն պարգևից՝ Ոսկե արծվի շքանշանից: Լեհաստանի նախագահի գրասենյակից հայտարարել են, որ այդ քայլը կապված է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին «Ուկրաինայի ապստամբ բանակի հերոսների» անունը շնորհելու Կիևի որոշման հետ:

«Լեհաստանի Հանրապետության նախագահը պետք է պաշտպանի այդ բարձրագույն պետական պարգևի պատիվը: Այդ պատճառով, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին «Ուկրաինայի ապստամբ բանակի հերոսների» անունը շնորհելուն Վլադիմիր Զելենսկու համաձայնությունից հետո ես որոշում ընդունեցի զրկել նրան Սպիտակ արծվի շքանշանից», - հայտարարել է Նավրոցկին:

Զելենսկուն Սպիտակ արծվի շքանշանը շնորհվել էր 2023 թվականին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից՝ լեհ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ներդրման և անվտանգության ոլորտում համագործակցության համար:

Վարշավայի որոշումից հետո Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է «Լեհաստանին մատուցած ծառայությունների» համար լեհական շքանշանից հրաժարվելու մասին, որով պարգևատրվել էր 2022-ին: Ըստ Սիբիգայի՝ Զելենսկուն շքանշանից զրկելու որոշումը «ռազմավարական սխալ է, որից շահում է միայն Մոսկվան»:

Սիբիգայի օրինակին հետևել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը և Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը, որոնք երկուսն էլ պարգևատրվել էին «Լեհաստանին մատուցած ծառայությունների համար» շքանշանով:

«Ուկրաինայի ապստամբ բանակը» Երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանում ուկրաինացի ազգայնականների զինված պարտիզանական կազմավորում էր, որը գործում էր հիմնականում Արևմտյան Ուկրաինայի տարածքում՝ Ստեպան Բանդերայի քաղաքական վերահսկողության ներքո: Այն իր նպատակն էր հռչակել անկախ Ուկրաինայի ստեղծումը՝ առանց ԽՍՀՄ և նացիստական Գերմանիայի վերահսկողության:

1943-45 թվականներին Արևմտյան Գալիցիայի Վոլինի տարածքում տեղի են ունեցել լեհ բնակչության զանգվածային սպանություններ, որոնց պատասխանատվությունը լեհական կողմը դնում է «Ուկրաինայի ապստամբ բանակի» վրա: Լեհ պատմաբանների մեծամասնության գնահատականներով՝ այդ իրադարձությունների զոհ են դարձել շուրջ 30-40 հազար լեհեր, թեև լեհական հանրային և քաղաքական շրջանակներում հաճախ հնչում է նաև 100 հազար թիվը: Լեհաստանի խորհրդարանն այդ իրադարձությունները որակում է ցեղասպանություն: Վոլինում լեհերի զանգվածային սպանությունների փաստը ճանաչում են նաև ուկրաինացի պատմաբանները, բայց նշում են, որ լեհ - ուկրաինական հակամարտության ընթացքում զգալի թվով զոհեր է ունեցել նաև ուկրաինացի բնակչությունը: