Լավրով․ «Եվրոպացիները պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի»

«Եվրոպացիները լրջորեն պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի», - այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ կարդում ենք եվրոպացի քաղաքական գործիչների՝ Կայա Կալասի, Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, Մերցի, Սթարմերի, Մակրոնի, Ռյուտեի հայտարարությունները, ապա պարզ է դառնում, որ նրանք լրջորեն պատրաստվում են պատերազմել Ռուսաստանի Դաշնության դեմ և չեն էլ թաքցնում դա», - նշել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը։

Լավրովը նաև պնդել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման բոլոր ծրագրերը տապալվել են հենց եվրոպացի գործիչների գործողությունների հետևանքով։

«Ամեն անգամ մեր արևմտյան՝ նախևառաջ եվրոպացի հարևանները անում էին ամեն ինչ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու համար։ Նրանք նույն կերպ են վարվում նաև այն նախաձեռնությունների դեպքում, որոնցով հանդես է եկել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Եվրոպացիները փորձում են համոզել ամերիկյան վարչակազմին որևէ համաձայնություն չկնքել Ռուսաստանի Դաշնության հետ», - պնդում է Լավրովը։